AM
10 Փետրվար 2026 - 10:30 AMT

ԱԺ նախագահ․ Ո՞նց եք պատկերացնում TRIPP-ում ՌԴ ներգրավվածությունը, դա հայ-ամերիկյան կազմակերպություն է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարությանը TRIPP-ում ՌԴ մասնակցության մասին, ասել է, որ նախագիծը հայ-ամերիկյան է և ստեղծվել է Երևանի ու Վաշինգտոնի համագործակցության շրջանակում։

«Դուք ո՞նց եք պատկերացնում TRIPP-ում ՌԴ ներգրավվածությունը, դա հայ-ամերիկյան կազմակերպություն է»,– ասել է նա՝ շեշտելով, որ TRIPP-ը միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել է կամ անցնելու է, հայտնում է «Փաստինֆոն»:

«Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն TRIPP սահմաններում տեղաշարժվելը, հիմա ենթադրենք՝ ալյուրը, ցորենը կամ նավթամթերքը գալիս է, TRIPP-ի շրջանակներում չի գալիս, չէ։ Հիմա թող այդ ճանապարհների, ենթակառուցվածքների հետ կապված առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը, քննարկի իրենց հետ և շահագործի»,– հավելել է Սիմոնյանը։

Նա ասել է, որ TRIPP-ի նման առաջարկ վաղուց է շրջանառվել, սակայն գործնական քայլեր և արդյունավետ համագործակցություն հնարավոր է դարձել միայն ԱՄՆ-ի հետ։

«TRIPP-ի հետ կապված՝ նմանատիպ մեխանիզմ շատ վաղուց մեր սեղանին կար, մենք քննարկել ենք, այլ հարց է, որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է և դա խաղաղության նաև հիմնաքար է հանդիսացել՝ շնորհիվ ԱՄՆ նախագահի: Հիմա ասում են՝ նման մի տեղ կա, գնանք մենք էլ մտնենք, բա անեիք՝ 100 տարի է այստեղ եք, անեիք»,– ասել է Սիմոնյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։