AM
10 Փետրվար 2026 - 12:25 AMT

Ծիծեռնակաբերդ այցի մասին Վենսի գրառումն ու լուսանկարները հեռացվել են նրա էջից

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ փետրվարի 10-ին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որից հետո գրառում արել և լուսանկարներ հրապարակել իր էջում։

Նա իր գրառման մեջ երկու անգամ նշել էր «Հայոց ցեղասապնություն» ձևակերպումը, սակայն, որոշ ժամանակ անց գրառումն ու լուսանկարները հեռացվել են ԱՄՆ փոխնախագահի էջից, հայտնում է Panorama.am-ը:

Փոխարենը Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքն է հրապարակում կատարել՝ հայտնելով միայն հուշահամալիր այցի մասին և տեղադրելով Վենսի՝ Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում արված գրառման լուսանկարը։

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ԱՄՆ փոխնախագահ Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»,-գրել է նա: