Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայր Գոռ Համբարձումյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի քանի հոդվածներով, հայտնում է Արմենպրեսը:
Քննչական կոմիտեից հայտնել են.«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Վերջինս ձերբակալվել է»:
Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գոռ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքը «շինծու և ակնհայտ անհիմն է»:
«Դավիթ Համբարձումյանի այսօրվա դատական նիստից անմիջապես հետո ձերբակալվել է նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։
Առաջադրված մեղադրանքը շինծու և ակնհայտ անհիմն է, որևէ աղերս չունի իրականության հետ։ Սա արդարադատություն չէ, սա քաղաքական հաշվեհարդար է:
Դավիթ Համբարձումյանի նիստից անմիջապես հետո նրա եղբոր «ձերբակալությունը» ոչ միայն կասկածելի համընկնում է, այլ բացահայտ քաղաքական կապ ունեցող գործողություն։ Մտացածին մեղադրանքներով մարդկանց բռնելը դարձել է իշխանական գործիք՝ ճնշելու, վախեցնելու և լռեցնելու նրանց, ովքեր համարձակվում են դիրքավորվել ընդդեմ համակարգի։
Երբ օրենքը դառնում է քաղաքական հաշվեհարդարի միջոց, պետությունը դադարում է լինել իրավական և վերածվում է ռեպրեսիվ մեխանիզմի։
Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հետապնդում՝ ուղղված Դավիթին խոցելուն նրա ընտանիքի միջոցով։
Ակնհայտ է՝ սա կապ ունի ոչ թե «օրենքի», այլ քաղաքական վրեժի հետ», ասվում է գրառման մեջ:





