AM
12 Փետրվար 2026 - 14:45 AMT

Ղումաշյանը՝ սփյուռքահայերին․ ՀՀ ապագայի համար գլխավոր ճակատամարտը չի կարող լինել առանց ձեզ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը նշել է, որ հայ լինելը պարզապես կարգավիճակ չէ, այլ հայրենիքին անհրաժեշտ ամենօրյա աշխատանք։

Նա կոչ է արել սփյուռքի ներկայացուցիչներին վերադառնալ՝ ընդգծելով, որ նրանք անհրաժեշտ են Հայաստանին, և դա պարտադրանք չէ, այլ հնարավորություն։

«Այս տարվա Հայաստանի համար գլխավոր ճակատամարտ չի կարող լինել առանց ձեզ, վերադարձեք»,-կոչ է արել Գոհար Ղումաշյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա անդրադարձել է հայկական սփյուռքի ձևավորման պատմությանը՝ ընդգծելով, որ այն առաջացել է տարբեր ժամանակներում և տարբեր պատճառներով, և առանձնահատուկ ուշադրություն է դարձրել աշխատանքային սփյուռքին։

«1991 թվականից մեր երկրից հեռացել է մոտ 1.4 մլն Հայաստանի քաղաքացի, իսկ վերջին 5 տարում հեռացել է 140 հազարից ավել մարդ, այսինքը՝ ամեն օր Հայաստանը լքել է 77 մարդ, ամեն օր Հայաստանը լքելէ մոտ 20 ընտանիք:

Օտար երկրում կայացած հայը մշտապես հայրենիքի կողքին է եղել և հայրենիքին օգնելը պատիվ է համարել, իսկ նրանք, ովքեր թեկուզ փոքրիկ կասկած կունենան սփյուռքի ազգասեր, ազգանպաստ, ազգանվեր գործերի նկատմամբ, թող ամեն տարվա Ապրիլի 24-ին տեսնեն, թե մոմերի լույսերով ողողված որտեղ և ուր է քայլում աշխարհի խիղճը»,-ասել է Ղումաշյանը։

Նրա խոսքով՝ սփյուռքը հանդես է եկել որպես հայկական շահերի դեսպան ամբողջ աշխարհում և մշտապես նվիրված է եղել հայրենիքին, սակայն դրա դիմաց հաճախ ստացել է մեղադրանքներ և նույնիսկ մուտքի արգելքներ՝ բազմաթիվ արժանապատիվ ներկայացուցիչների համար։

«Սամվել Կարապետյանի հետ դուք խոսքի իրավունք կունենաք երկրի ապագան կերտելու հարցում, և ոչ միայն խոսքի այլև գործելու իրավունք։ Դուք որպես Հայաստանի քաղաքացիներ, իրավունք ունեք որոշելու մեր երկրի ճակատագիրը՝ չկասկածելով թե արդյոք ձեր հայրենասիրությունը կպատժվի մուտքի արգելքով, ինչպե հիմա է»,-հայտարարել է Ղումաշյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ: