Սփյուռքի մի շարք ազդեցիկ և հեղինակավոր գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀԱԵ ղեկավարության վրա «հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են հանդիսանում աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են եկեղեցուն հոգևոր սնուցման համար»:
Հայտարարությունը ստորագրել են ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը, Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, Դենհամի պրոֆեսոր Լորդ Արա Դարզին, ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, շվեյցարահայ գործարար և բարերար Վաչե Գաբրաշը, բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության 7-րդ նախագահ Պերճ Սեդրակյանը:
Նրանք ստորագրել են նամակը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների ժառանգներ և համաշխարհային Հայոց եկեղեցու անդամներ»:
«Վերջին շրջանում Հայաստանում տևական քաղաքական անհամաձայնությունը, ներառյալ աճող հակամարտությունը Հայաստանի կառավարության ղեկավարների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև, հասել է գագաթնակետին՝ կառավարությունը պահանջում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին, չնայած նրա օրինական ընտրությանը Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգերին համապատասխան: Մի քանի արքեպիսկոպոսներ բանտարկվել են քաղաքական հայտարարություններ անելու մեղադրանքով, իսկ հայտնի ռուսահայ բարերար և գործարարը բանտարկվել է Եկեղեցու դիրքորոշմանը հրապարակայնորեն աջակցություն հայտնելու համար:
Եկեղեցու ղեկավարության վրա հետեւողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են հանդիսանում աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են Եկեղեցուն հոգևոր սնուցման համար:
Կոչ ենք անում, որ եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծվեն Եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են 18 դար՝ Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի և ավանդույթների համաձայն: Եկեղեցին արդեն հրավիրել է եպիսկոպոսների ժողով, որը պետք է փետրվարի 17-ից 19-ը անցկացվի Վիեննայում: Ցավոք, կառավարությունը, ըստ տեղեկությունների, իրավական ծանուցումներ է հանձնել մի քանի եպիսկոպոսների՝ մերժելով երկրից ազատ դուրս գալու եւ ժողովին մասնակցելու նրանց իրավունքը: Ժողովին կհաջորդի Ազգային-Եկեղեցական Ժողովի հավաք՝ քննարկելու ընթացիկ մարտահրավերները և առաջարկելու նորացման ուղի՝ եկեղեցու երկարամյա ավանդույթներին և կանոններին համահունչ:
Եկեղեցու ինքնակառավարումը շարունակական բարելավման և բարեփոխման համար կարևորագույն նշանակություն ունի: Այն կազմակերպում է պարբերական ժողովներ՝ իր եպիսկոպոսների հավաքներ, ինչպես նաև Ազգային-Եկեղեցական Ժողովներ (ԱԵԺ), որոնք կարևորապես ներառում են աշխարհականներին և հոգևորականներին: Այս մարմինը եկեղեցու բարձրագույն կառավարման մարմինն է, և միայն այս մարմինն է ընտրում Կաթողիկոսին: Այս Ժողովը նաև կարող է քվեարկել Եկեղեցու կանոնների, կանոնակարգերի և կրոնական կարգերի փոփոխությունների համար:
Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը և Հայոց Եկեղեցուն լուծել բոլոր տարաձայնություններ՝ հարգելով Եկեղեցու ինքնակառավարման կանոնները, հարգելով քաղաքական գործունեության և եկեղեցու առաքելության բաժանումը և պաշտպանելով սփյուռքի հայերի իրավունքը՝ դավանելու իրենց հավատքը առանց կառավարության կողմից քաղաքական միջամտության ազդեցության: Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների համար բոլոր հայերին ոչնչացնելու ձախողված առաքելության մասին հիշողությունը և մեր հետագա երկար վերածննդի ճանապարհը ընթացիկ իրադարձությունները դարձնում են հատկապես ցավոտ և սպառնալից: Եկեղեցին է, որ օգնել է բնակչությանը վերապրել և վերածնվել Ցեղասպանությունից հետո, Եկեղեցին է, որ օգնել է վերածնել հայկական հոգին, և նույն Եկեղեցին է, որ անհրաժեշտ է աշխարհասփյուռ ազգի բարգավաճման համար: Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը:
Հայոց եկեղեցին հոգևոր սնուցում է տրամադրում բոլոր հայերին, ներառյալ հայերի մեծամասնությանը, որոնք ապրում են Հայաստանից դուրս: Անհատի, կառավարության կամ որեւէ արտաքին մարմնի կողմից ցանկացած հարձակում կամ միջամտություն Եկեղեցու կառավարման կամ գործունեության նկատմամբ ուղղակի ազդեցություն ունի աշխարհասփյուռ հայերի վրա: Որպես Միացյալ Նահանգների և շատ այլ երկրների ներկայիս քաղաքացիներ, սփյուռքահայերը պարտավոր են օգնություն հայցել մեր սեփական կառավարություններից, ներառյալ քաղաքական միջոցներ և անհրաժեշտության դեպքում իրավական գործողություններ՝ մեր կրոնական իրավունքները պաշտպանելու համար: Այս իրավունքները ներառում են Հայ Առաքելական Եկեղեցու ինքնակառավարմանն ապավինելը՝ հաստատված կանոններով և ավանդույթներով, որոնք սկիզբ են առել քրիստոնեության ամենավաղ օրերից:
Հայաստանը կանգնած է իր պատմության կարևոր խաչմերուկում: Հայաստանում եկեղեցու և պետության միջև ներքին բաժանումները չպետք է ավելի թուլացնեն աշխարհասփյուռ հայ ազգին: Ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպեսզի Հայոց պետությունը, Հայոց Եկեղեցին և հայկական սփյուռքը կարողանան առաջ շարժվել դեպի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան»,-ասվում է հայտարարության մեջ:
Նրանք կոչ ենք արել սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայները և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։





