Ազգային ժողովում տարբեր խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները փետրվարի 12-ին հանդիպում են ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական կարիքների գնահատման առաքելության անդամների հետ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել են առաջիկա ընտրական գործընթացներին առնչվող հարցեր՝ կարևորելով ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը։
Նույն օրը առաքելության անդամների հետ հանդիպում են ունեցել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Աննա Գրիգորյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին նախորդող զարգացումներին, ինչպես նաև ՀՀ Ընտրական օրենսգրքին, վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելմանը, ընտրացուցակներին և քաղաքական ուժերում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցերին։
Առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպել են նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը։ Պատգամավորները պատասխանել են պատվիրակության հարցադրումներին՝ ներկայացնելով դիրքորոշումներ ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական կարիքների գնահատման առաքելությունը Հայաստան է ժամանել հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ընտրական միջավայրի գնահատում իրականացնելու և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով։





