Քննչական կոմիտեն հայտարարել է, որ այն պնդումը, թե կառույցը չի տրամադրել Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնել են ՔԿ-ից, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:
«Ի պատասխան Քննչական կոմիտե ստացված Սամվել Կարապետյանի պաշտպանի դիմումի, որով վերջինս խնդրել է պարզաբանել՝ արդյոք դատարանի որոշմամբ թույլատրվա՞ծ է իր պաշտպանյալին հանդես գալու հրապարակային խոսքով, մասնավորապես՝ տեսաուղերձով, նախաքննական մարմինը գրավոր պարզաբանում է ներկայացրել առ այն, որ դատական ակտը մեկնաբանելու լիազորություն չունի։
Հետևաբար պնդումը, թե «Քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար», չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՔԿ պարզաբանման տեքստում։
Փետրվարի 12-ին անցկացվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել է Սամվել Կարապետյանի անունից ԱԲ-ի ստեղծած տեսաուղերձը։ Այս առնչությամբ կուսակցությունից հայտնել են, որ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձի միջոցով հանդես գալու հնարավորությունը որևէ ձևով ամրագրված չի եղել։





