«Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի և նրա տեղակալ Վալերի Օսիպյանի նկատմամբ կիրառվել է երկրից բացակայելու արգելք: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:
Ավելի վաղ նույն կառույցից տեղեկացրել են, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակում հարուցվել են քրեական հետապնդումներ ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։
«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,-ասվում էր հաղորդագրության մեջ:
2018-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել էր ՀՀ ոստիկանապետ։ Մեկ տարուց ավելի անց՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, նա ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նույն օրը երեկոյան նշանակվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն այդ պաշտոնում Օսիպյանը չի մնացել անգամ մեկ ամիս․ հոկտեմբերի 8-ին նա ազատվել է նաև այդ պաշտոնից։





