AM
14 Փետրվար 2026 - 08:06 AMT

Տեր Եսայի․ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանն ասել է, որ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են, ավելին այս պահին չի կարող ասել։

Նա նշել է, որ առաջացած բոլոր հարցերի պատասխանը կտա հանձնախումբը, հայտնում է Aysor.am-ը:

Չնայած հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներին՝ կաթողիկոսն հայրապետն ասել է՝ Եպիսկոպոսոց ժողովը կկայանա։ Այն սրբազան հայրերը, որոնց նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է կիրառվել, մասնակցելու են ժողովին հեռավար ձևաչափով։

Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև «եկեղեցու բարենորոգման» արշավին միացած հոգևորականներին, որոնցից այս պահին միայն Հովնան Տերտերյանն է հայտարարել, որ կմասնակցի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը նախատեսվում է անցկացնել փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ավստրիայում Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով կազմակերպելու նպատակը կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է:

«Գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկությունը, որ, իրականում, Հայաստանից դուրս եպիսկոպոսաց ժողով հրավիրելու և այս պրոցեսների խորքային նախաձեռնությունը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը և Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս հանելն է և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն է և, որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։ Ես դա թույլ չեմ տալու։ Հայաստանը չի պատրաստվում դիտորդի նման հետևել, հակազդեցություն է լինելու շատ կոշտ, բարերարների դիմակի տակ թաքնված` Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»,- ասել է վարչապետը։