AM
16 Փետրվար 2026 - 06:19 AMT

Նաթան սրբազան․ Եպիսկոպոսաց ժողովը կկայանա, բայց այլ կարգավիճակով

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կիրակնօրյա պատարագից հետո, անդրադառնալով կաթողիկոս Գարեգին Բ նկատմամբ ընտրված բացակայելու արգելքին, ասել է, որ Եպիսկոպոսաց ժողովն Ասվտրիայում տեղի կունենա, բայց այլ կարգավիճակով, հայտնում է Factor.am-ը:

«Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները միևնույն է հավաքվելու են և քննարկելու են զանազան հարցեր՝ հուզող մեր եկեղեցուն, և հատկապես այսօրվա իրավիճակների հետ։ Որևէ մեկը չի կարող արգելք լինել մեր եպիսկոպոսներին որևէ տեղ հավաքվելու, և ոչ միայն հավաք, այլև Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ եպիսկոպոսաց ժողով անելու։

Այդ մտացածին, այդ ցնորամիտ բաները, որ եպիսկոպոսաց ժողով Հայաստանից դուրս չի կարող լինել, դրանք պարզապես օդի մեջ գցած խոսքեր են։ Եվ զարմանում եմ, որ ամեն անգամ, չգիտես ինչու, մի խումբ ապիկարներ ուզում են մեր ժողովրդին պարզապես տկարամիտի և հիմարի տեղ դնել։ Բայց մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ ամենը»,-ասել է նա։

Անդրադարձել է վարչապետի հայտարարություններին՝ նա ասել է, որ այն պահից ի վեր, երբ Մայր Աթոռը վերադարձավ Հայաստան, 700 տարի է Հայաստանում է, և հավիտենաբար լինելու է Հայաստանում:

«Էջմիածնի գանձերը մեզ հետ են եղել միշտ։ Եվ եթե Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս հանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա։ Չի կարող հսկել ո՛չ իր սահմանները, ո՛չ իր մաքսատները»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ Ավստրիայում Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տեղափոխելն է:

Անդրադառնալով պատմական իրողություններին՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդգծել է․ «Շատ լավ գիտեք պատմությունից, որ 1441-ից, երբ վերստին Մայր Աթոռը վերադարձավ Հայաստան, 700 տարի է՝ Հայաստանում է, և հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։ Երբևէ Մայր Աթոռը, հայ հոգևորականը, և հատկապես Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանը չի լքի»։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսի՝ Հայաստանից ելքի արգելքի որոշումն պայմանավորված է նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթով, որի շրջանակում որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

«Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում եւս 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտի կատարմանը խոչընդոտելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Վերոնշյալ գործով 2026 թվականի հունվարի 31-ին Քննչական կոմիտեն ևս մեկ հայտարարություն է տարածել, որտեղ կրկին արձանագրվել է, որ Հայ Առաքելական եկեղեցու 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում, նրանցից 6-ը եպիսկոպոսներ են։