AM
16 Փետրվար 2026 - 06:55 AMT

«Մայր Հայաստանը» ԱԺ ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ

«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովի ընթացքում դրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորությանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական գնահատելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որոշում են կայացրել ԱԺ ընտրություններին մասնակցել այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ:

«Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան»,–ասել է նա։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: