AM
16 Փետրվար 2026 - 07:33 AMT

Բաբայան․ Ըստ միջազգային փորձաքննությունների արդյունքների՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութը կեղծ է

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ըստ միջազգային փորձաքննությունների արդյունքների Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութը կեղծ է:

«Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։

Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝

  1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,
  2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,
  3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։

Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։

Մոտակա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ:

Աղմկահարույց տեսանյութերը տարածվել էր հոկտեմբերի վերջին։ Ինտիմ տեսանյութի տարածումից ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը գրառմամբ ակնարկել էր հոգևորականի ու նրա քեռակնոջ ինտիմ կապի մասին՝ անուն չնշելով: Հետո այս տեսանյութը տարածվեց նորահայտ տելեգրամյան ալիքով: Քրեական վարույթը նախաձեռնել են քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա: Արշակ սրբազանին տուժող չեն ճանաչել, քանի որ հերքում էր այդ տեսանյութի իրական լինելը: