«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում պատգամավորների հետ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Մայր Աթոռը ՀՀ-ից տեղափոխելու վերաբերյալ տեղեկությունների մասին։
Նրա խոսքով՝ իշխանության, մասնավորապես վարչապետի կողմից արված որևէ հայտարարություն չի կարող անհիմն լինել, հայտնում է Factor.am-ը:
«Եթե մեր կողմից հնչել է հայտարարություն, որ Վեհարանի, Վեհարանի հոգևոր բարձրաստիճան ներկայացուցիչների մի շրջանակ փորձում է kաթողիկոսությունը տեղափոխել Հայաստանի Հանրապետությունից, Էջմիածնի գանձերն էլ հետը, ուրեմն մենք դրա վերաբերյալ ունենք շատ հիմնավոր տեղեկություններ։ Այդ տեղեկություններն արդյոք այնքան են հասունացել, որ պետք է վերածվեն քրեական գործի կամ իրավական հետապնդման, այդ հարցի պատասխանը ես այս պահին չունեմ, այդ հարցի պատասխանը մենք բոլորս կստանանք, երբ որ իրականության մեջ նման բան տեղի կունենա։ Բայց հարցին, թե արդյոք կան հիմնավորումներ, որ դուք նման բան եք հայտարարում՝ կան հիմնավորումներ, էն էլ ինչ հիմնավորումներ կան, և դրա մասին պատեհ պահին բոլորդ կիմանաք»,- նշել է նա։
Նա հիշեցրել է նախկինում հնչած այլ աղմկահարույց հայտարարությունների օրինակը։
«Ես հիշում եմ՝ երբ հոգևոր բարձրաստիճան որոշ շրջանակի վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին, էս նույն հետաքրքրությամբ հարցադրումներ էին հնչում, թե արդյո՞ք կան փաստեր, այս ինչ եք ասում, սենց շոկի էինք ենթարկվել… Որոշ ժամանակ անց բոլոր փաստերը երևան եկան»,- նշել է Հովհաննիսյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ավստրիայում Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով կազմակերպելու նպատակը կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է:
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից:





