AM
16 Փետրվար 2026 - 11:55 AMT

Սիմոնյանը` հոգևորականների մասին իր խոսքերին արձագանքողներին․ «Ընդունեք անգրագիտությունը կամ դիմեք դատարան»

Ռուսական ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաալիքին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցում հոգևորականներին վերաբերող հատվածը լայն քննադատության ալիք է առաջացրել, գրում է Factor.am-ը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱԺ նախագահի խոսքերը պետք է ստանան իրավական գնահատական:

«Ակնհայտ է, որ սա հենց այնպես օդում չպետք է մնա և սրա հետ կապված պետք է իրավական գործընթաց լինի», ասել է նա

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ևս պնդել է, թե Սիմոնյանը զրպարտել է հոգևորականներին:

«Դա ահավորագույն մեղադրանք է։ Ավելի ահավոր բան ես ուղղակի չեմ պատկերացնում, քան մանկապղծությունը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ո՛ր պատիժը կարող է թեկուզ մի քիչ արդար լինել այդ զազրելիագույն հանցանքի համար։ Ընդ որում, նման ծանրագույն մեղադրանք բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից լսելիս՝ ցանկացած անկողմնակալ մեկը, օրինակ՝ այդ օտարերկրյա լրատվամիջոցի ունկնդիրը, հավանաբար զզվանքով է լցվել մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ»,-նշել է նա:

Արձագանքելով իր հասցեին հնչած գնահատականներին՝ Սիմոնյանը տելեգրամյան ալիքում հորդորել է «ընդունել անգրագիտությունը կամ դիմել դատարան»:

«Երեկ հարցազրույցս հրապարակվեց ռուսական ընդդիմադիր «Դոժդ» ալիքին, և 30 րոպեանոց խոսքիս մեջ ինչ ասես, որ չեմ ասում ընդդիմադիրներին, ինչ գնահատական ասես չեմ տալիս, առավոտյան արթնացել եմ տեսնեմ միակ հակադարձումն այն է, որ, իբր, ասել եմ, թե մանկապիղծ են որոշ եկեղեցականներ: Լավ է, որ մնացած ասածներս նույնիսկ ընդդիմադիրների մոտ վեճ չառաջացրեց, լուռ համաձայնվեցին, բայց նաև չի կարելի այդքան անգրագետ լինել. ես հիմա ռուսերենի դասեր չեմ տալու՝ բնական է, բայց ինչ եմ առաջարկում: Տարբերակ՝ ա) ընդունեք, որ դուք անգրագետ եք և լռեք, բ) դիմեք դատարան զրպարտության համար»,-գրել է նա:

Հարցազրույցի ընթացքում լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն ԱԺ նախագահին հարցրել է. «Գիտեք, որ Ռուսաստանում Ձեզ շատ ակտիվ քննադատում են եկեղեցու հետ դիմակայության համար։ Ինչպե՞ս եք պատասխանում»։

Ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է, որ եկեղեցու հետ առճակատում չկա, այլ կա հակազդեցություն այն անձանց նկատմամբ, «որոնք սպասարկում են շահեր, որոնք հաճախ գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առավել ևս սպասարկում են իրենց անձնական, ֆինանսական, ինչպես նաև ինտիմ շահերը»:

«Ուզում եմ մի օրինակ բերել։ Ենթադրենք, որևէ երկրում, եթե պարզվի, որ X անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, և եթե դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գան մանկապղծության կամ նմանատիպ բանի քննադատությամբ, դա հարձակո՞ւմ կլինի եկեղեցու վրա։ Չի՛ կարելի թաքնվել այս սև փարաջայի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է, և կարելի է անել այն, ինչ ուզում ես, իսկ երբ քո հետևից գան, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»,-ասել է Սիմոնյանը:

Լրագրողի հարցին, թե կոնկրետ ում մասին է խոսքը, Սիմոնյանը պատասխանել է. «Դե, կան բարձրաստիճան, ոչ շատ, մի քանի, ենթադրենք, չորս-հինգ հոգի՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք ահա թաղվել են այդպիսի իրավիճակներում։ Բացի այդ, կա նաև փաստաթուղթ, որը հաստատում է, որ ներկայիս անձի (կաթողիկոս Գարեգին Բ-ի-խմբ․) հարազատ եղբայրն աշխատել է, այսինքն՝ տեղեկանք կա, որտեղ նա ստորագրել է՝ աշխատելու Ռուսաստանի արտաքին հետախուզության հետ և այլն»։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից:

Հայաստանի վարչապետՆիկոլ Փաշինյանըհամոզմունք է հայտնել, որ Ավստրիայում Հայ եկեղեցուԵպիսկոպոսաց ժողովկազմակերպելու նպատակըկաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է: