AM
18 Փետրվար 2026 - 07:08 AMT

Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել նաև առաջիկա բարձր մակարդակի միջոցառումների և փոխայցերի օրակարգերի շուրջ՝ կարևորելով գործընկերության խորացման նպատակով նոր շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ժողովրդավարական դիմակայունության հետևողական ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։

Արարատ Միրզոյանն ու Խերտ Յան Կոպմանը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված դինամիկան ու առկա հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Հայաստան-ԵՄ գագաթաժողովը նախատեսված է 2026-ի մայիսին Երևանում: