AM
18 Փետրվար 2026 - 09:40 AMT

Մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը․ Կաթողիկոսն առցանց է հղել պատգամը

Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում է ՀԱԵ Ամենայն Հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսն և եպիսկոպոս, այդ թվում՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություններից, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Ժողովականներին հայրական խոսքն ու պատգամն առցանց փոխանցել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Ապա մասնակիցներին իրենց ուղերձներն են հղել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի Հայ պատրիարք ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Եպիսկոպոսաց հավաքին մասնակցում է նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած եկեղեցու բարենորոգման օրակարգին միանալու մասին, հայտնում է Aysor.am-ը:

Եպիսկոպոսաց հավաքին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև մյուս եպիսկոպոսներին, որոնք միացել են եկեղեցու բերանորոգման օրակարգին, նրանցից, սակայն, միայն Հովնան Տերտերյանն էր հաստատել իր մասնակցությունը։

Օրակարգը քննարկվելուց և հաստատվելուց հետո ընտրվել է դիվանը, որը ստանձնել է Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքների կազմակերպումն ու վարումը։

Նույն օրը Սանկտ Փյոլթընի Մայր Տաճարում, եպիսկոպոսների մասնակցությամբ, տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն, որի առիթով ողջույնի խոսք է փոխանցել Կաթոլիկ Եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։

Եպիսկոպոսաց հավաքը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը։

Գարեգին Բ-ն անձամբ չի մասնակցում Եպիսկոպոսաց հավաքին, քանի որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ Հայաստանից նրա ելքի արգելքի մասին։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ դատախազությունը քրեական հետապնդում է նախաձեռնել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս) վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։

Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։ Արարքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։