AM
18 Փետրվար 2026 - 11:15 AMT

Տոնոյան․ Իսկ մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք եկել, որ հիմա զենք ենք գնում այլ երկրներից

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, սակայն երկիրը պաշտոնապես դուրս չի եկել կառույցից, և իրավական կարգավիճակը փոփոխության չի ենթարկվել, ասել է ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե ՀԱՊԿ-ը խոչընդոտել է այլ երկրներից զենք գնելուն։

«Հռետորական հարց եմ տալիս՝ իսկ մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք եկել, որ հիմա ձեռբերումները կատարվում են»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում դատական նիստի մեկնարկից առաջ, հայտնում է Panorama.am-ը:

Տոնոյանը նշել է, որ ավելի շատ դա եղել է Արցախի հակամարտության հետ կապված խնդիր:

«ՀԱՊԿ անդամ ենք և ոնց որ ես տեսնում եմ, դա չի խոչընդոտում․․․Ավելի շատ դա եղել է Արցախի հակամարտության հետ կապված խնդիր։ Նույն Ֆրանսիան, ԱՄՆ-ն եղել են Մինսկի խմբի համանախագահներ, այն ժամանակ իրենց թույլ չէին տալիս մատակարարումներ կատարել ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան։ Դա է եղել հիմնական խնդիրը»,- ասել է Տոնոյանը։

Փաշինյանն ավելի վաղ ասել էր․ «Պարզվեց, որ շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք ու դռներ ծեծենք: Պաշտպանական սպառազինության ամբողջ գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց: Չեմ ուզում թաքցնել, այդտեղ կա նյուանս՝ կապված ՀԱՊԿ-ի հետ:ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար»: