Իրավապահ մարմինները զննություն են իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքում։ Այդ մասին տեղեկացել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը,հայտնում է Factor.am-ը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ զննում են նրա առանձնատունը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ տվյալ քրեական գործը որևէ կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Այն հարուցվել է դեռևս 2020 թվականին՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ և մոտ վեց տարի քննվել է։
«Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ գործի շրջանակներում է եղել, պարոն Ծառուկյանը կապ չունի, պարզապես գործի քննության համար անհրաժեշտություն է եղել Առինջ համայնքի մի շարք հողատարածքներ զննելու, որոնց թվում եղել է նաև նրան պատկանող հողատարածքը։ Ուզում եմ շեշտել, որ դա իր բնակության հասցեն չէ, ուղղակի հողատարածք է, որտեղ առկա են այլ շինություններ»,-ասել է փաստաբանը:
Այն հարցին, թե զննությանը մասնակցե՞լ է Գագիկ Ծառուկյանը, Խաչատրյանը բացասական պատասխան է տվել:
«Պարոն Ծառուկյանը դեռևս 2020 թվականին նոր նախաձեռնված ժամանակ ընդամենը մեկ անգամ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»,-ասել է նա:





