Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է թագավոր Կառլ III եղբայրը՝ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը, որը նախկինում զրկվել է բոլոր տիտղոսներից մանկապղծության համար դատապարտված Ջեֆրի Էփշթեյնի հետ ունեցած կապերի պատճառով:
Ոստիկանությունը նրան կալանավորել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով, հայտնում է BBC-ն:
Փետրվարի 19-ի առավոտյան հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում են ոստիկանության ավտոմեքենաները, որոնք ժամանել են Նորֆոլք կոմսության Սանդրինգհեմ թագավորական կալվածք՝ Հյուսիսային ծովի ափին, որտեղ այժմ բնակվում է Մաունթբեթեն-Վինձորը։
Բրիտանական իրավապահ մարմինները տարածել են պաշտոնական հայտարարություն ձերբակալության վերաբերյալ, սակայն կասկածյալի անունը, ինչպես ընդունված է, չի նշվել։
«Այսօր [19 փետրվարի – խմբ.] հետաքննության շրջանակում մենք ձերբակալել ենք Նորֆոլքից շուրջ վաթսուն տարեկան մի տղամարդու՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով և խուզարկություններ ենք իրականացնում Բերքշիրում և Նորֆոլքում գտնվող հասցեներում: Ներկայումս տղամարդը մնում է կալանքի տակ», -հայտնել է ոստիկանությունը։
Ինչպես ընդգծել է «Բի-բի-սի»-ի թագավորական պալատի թղթակից Շոն Քոֆլանը, նախկին արքայազնի ձերբակալությունը դարձել է Մեծ Բրիտանիայի համար աննախադեպ իրադարձություն։
Միաժամանակ լրագրողը հիշեցրել է, որ ձերբակալությունը չի նշանակում մեղքի հաստատում, և Էնդրյուի դեմ պաշտոնական մեղադրանքներ դեռևս չեն ներկայացվել։
Չի հրապարակվել, թե նրան առավոտյան կոնկրետ որ վայր են տեղափոխել, սակայն ոստիկանության հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ որևէ բաժանմունքում ստեղծվել է անսովոր իրավիճակ. սովորական, զուսպ միջավայրում պահվում է գործող միապետի եղբայրը։
Լոնդոնի ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Դալ Բաբուն ասել է, որ ձերբակալությունը հնարավորություն է տվել քննությանը «մուտք ստանալ համակարգչային սարքավորումներին, ֆայլերին, լուսանկարներին և ցանկացած այլ ապացույցների»։
Բրիտանացի փորձագետ Դեննի Շոուի խոսքով՝ նախկին արքայազնը կարող է պահվել մինչև 96 ժամ, սակայն դրա համար պահանջվում է ոստիկանության ավագ ղեկավարների և մագիստրատական դատարանի միջամտությունը։
Շոուն նշել է, որ Մեծ Բրիտանիայում կասկածյալները սովորաբար պահվում են 12 կամ 24 ժամ, որից հետո նրանց կամ մեղադրանք է ներկայացվել, կամ ազատ են արձակվում մինչև հետագա քննությունը։
Էնդրյուին տեղավորել են «քննչական կալանավայրի խցում»՝ «մահճակալով և զուգարանով», որտեղ նա սպասել է հարցաքննությանը։ Շոուն պնդել է, որ «նրան որևէ առանձնահատուկ վերաբերմունք չի ցուցաբերվի»։
Այս շաբաթ բրիտանական իրավապահ մարմինները հայտարարել են, որ քննության են առել բողոքը, որտեղ նշվել է, որ նախկին արքայազնը կարող էր Էփշտեյնին փոխանցել գաղտնի նյութեր։
2001-2011 թվականներին Էնդրյուն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի առևտրի և ներդրումների հատուկ ներկայացուցչի պաշտոնը. նրա պարտականությունների մեջ է մտել բրիտանական բիզնեսի շահերի առաջխաղացումը արտերկրում։ Նա հրաժարվել է այդ պաշտոնից այն բանից հետո, երբ հայտնի են դարձել Էփշտեյնի հետ նրա կապերը։
ԱՄՆ-ում վերջերս հրապարակված Էփշտեյնի գործով ծավալուն փաստաթղթերում նշվել է, որ Էնդրյուն կարող էր նրան փոխանցել իր Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած ուղևորությունների հաշվետվությունները, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերաբերյալ գաղտնի մանրամասներ։
Դրանից հետո Republic կազմակերպությունը դիմել է Թեմզայի հովտի ոստիկանություն՝ խնդրելով հետաքննել պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահումն ու պետական գաղտնիքի խախտումը։
Էնդրյուն, որը հինգշաբթի օրը դարձել է 66 տարեկան, բազմիցս մերժել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները և պնդել է, որ չի կատարել որևէ անօրինական գործողություն։
«Մանրակրկիտ գնահատումից հետո մենք սկսել ենք այս պաշտոնեական չարաշահման մեղադրանքի հետաքննությունը, — հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Օլիվեր Ռայթը։
Հոկտեմբերին թագավորը զրկել է եղբորը արքայազնի տիտղոսից և նրա մյուս բոլոր կոչումներից, իսկ դրանից առաջ Էնդրյուն պաշտոնապես կամավոր հրաժարվել էր Յորքի դքսի տիտղոսից։
Ինչպես նշել է թղթակից Դոմինիկ Քաշիանին, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ապօրինի գործողությունները համարվում են դժվար ապացուցվող հանցագործություն։ Ըստ էության, խոսքը վերաբերում է այն մեղադրանքին, որ բրիտանական ժողովրդի անունից աշխատած անձը դիտավորությամբ կատարել է լուրջ իրավախախտում։
Կա չորս հիմնական տարր, որոնց վրա ոստիկանությունը պետք է կենտրոնանա քննության ընթացքում, որպեսզի դատախազները հետագայում որոշեն՝ արդյոք պետք է որևէ մեկին մեղադրանք ներկայացնել։
Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք հետաքննվող անձը եղել է «պետական ծառայող» և արդյոք քննարկվող դեպքը ներառվել է նրա ծառայողական պարտականությունների շրջանակում։
Եթե դա հաստատվում է, քննիչները փորձում են գտնել ապացույցներ, որ տվյալ միջադեպի ընթացքում կասկածյալը «դիտավորությամբ» չի կատարել իր պարտականությունները կամ դիտավորությամբ է կատարել իրավախախտում։ Այս ձևակերպումը երկար տարիներ իրավական վեճերի առարկա է դարձել։
Հաջորդ հարցը կայանում է նրանում, թե արդյոք նրա կատարած գործողությունը այնքան լուրջ է եղել, որ կարող էր համարվել «հանրային վստահության չարաշահում»։
Վերջապես, ոստիկանությունը պետք է ստուգի՝ արդյոք կասկածյալը գործել է «առանց ողջամիտ արդարացման կամ հիմնավորման»։
Վերջին հարցը վճռորոշ նշանակություն ունի։ Քրեական արդարադատության հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ իրավախախտման մեջ կասկածվող անձը հնարավորություն ունի ներկայացնելու իր իրադարձությունների տարբերակը, և այդ իրավունքը գործում է հենց այն պահից, երբ ոստիկանությունը թակել է նրա դուռը։
Բրիտանական հասարակությունում ավելի ու ավելի բարձրաձայն են դարձել պահանջները, որ Էնդրյուն ԱՄՆ-ում ցուցմունք տա Էփշտեյնի հետ իր հարաբերությունների վերաբերյալ։
Անցյալ տարվա նոյեմբերին հրապարակված Վիրջինիա Ջուֆրեի հուշագրություններում բացահայտվել են նրա հանդիպումների մանրամասները Էփշթեյնի և նրա նախկին ընկերուհի Գիսլեյն Մաքսվելի հետ, ինչպես նաև ավելի մանրամասն ներկայացվել են նրա մեղադրանքները արքայազն Էնդրյուի դեմ, որոնք նա մշտապես հերքել է։
Իր հուշերում Ջուֆրեն պնդել է, որ երեք անգամ սեռական հարաբերություն է ունեցել արքայազն Էնդրյուի հետ։ Նրա խոսքով՝ երրորդ դեպքը տեղի է ունեցել Էփշտեյնին պատկանող մասնավոր կղզում, և կատարվածը նա բնութագրել է որպես «օրգիա»։
ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված Էփշթեյնի և Էնդրյուի նամակագրությունից երևացել է, որ նախկին արքայազնի շրջապատը խիստ մտահոգված է եղել այդ մեղադրանքներով։
Նամակներում հիշատակվել է նաև Բուքինգհեմյան պալատը, այդ թվում՝ որպես վայր, որտեղ Էնդրյուն և Էփշթեյնը կարող էին հանդիպել մասնավոր միջավայրում։





