AM
20 Փետրվար 2026 - 06:41 AMT

Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում ծեծել են ցուցարարներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվել են նրա դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա ու ծեծի ենթարկել։

Կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է, որ անվտանգության աշխատակիցները ձեռքերով հարվածներ են հասցնում ակցիայի մասնակիցներին, նրանցից մեկին նույնիսկ գետնին են գցել, հայտնում է Panorama.am-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե ԱՄՆ-ում «արմատական տրամադրված անձանց խումբը իրականացրել է սադրիչ գործողություններ»։

Նշվում է, որ խումբը «վիրավորական և ոչ էթիկական արտահայտություններ է հնչեցրել Ադրբեջանի ղեկավարության հասցեին, ինչպես նաև փորձել է ներթափանցել պահպանվող տարածք։

«Դեպքի ընթացքում նախագահի անվտանգության ծառայությունը ԱՄՆ ոստիկանության հետ համատեղ արագ արձագանքել է, վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը, արմատականներին դուրս է բերել տարածքից և կանխել է հնարավոր միջադեպը», գրում է APA-ն:

Նշվում է, որ սոցիալական ցանցերում տարածվող տեսագրություններում լսվում է, թե ինչպես են խմբի անդամները բացահայտորեն օգտագործում անպարկեշտ արտահայտություններ։

Ալիևը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին: