Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված ՀԱԵ Եպիսկոպոսաց հավաքը հավատարմություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին, անընդունելի համարել «արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում»:
Հայտարարությունը ստորագրել է նաև Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որն ավելի վաղ միացել էր վարչապետի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Հավաքի մասնակիցնբերը խոր մտահոգություն են հայտնելով եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակի կապակցությամբ՝ դատապարտելով եկեղեցականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները:
«Մենք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց պատրիարքության, քսանհինգ եպիսկոպոսներս, որդիական մեր շնորհակալությունն ենք հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ում հայրական հրավերով հայրենիքում և սփյուռքում ծառայող եպիսկոպոսներս համախմբվել ենք՝ միասնաբար խորհրդածելու Հայոց եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ և լուծումներ գտնելու դրանց հաղթահարման ուղղությամբ։
Խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ ենք արձանագրում, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։
․․․Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս վճռականորեն վերահաստատում ենք մեր Սուրբ եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները հոգեփրկչական իր առաքելության, այլև համազգային և հայրենական կյանքի առնչությամբ՝ ի մասնավորի արձանագրելով, որ՝ ա․ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված Հայոց եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է (Եփես. Ա 22)։ Տերունահաստատ այս կառույցը ղեկավարվում է Սուրբ գրքով, Եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով և առաքելական հաջորդականության սկզբունքով՝ Հայոց հայրապետների հովվապետությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՀԱԵ-ն երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը։
Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝
– դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
– վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
– ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,
– գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
– առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս միաժամանակ հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝
– գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ,
– ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես եկեղեցու լիազոր ատյաններում,
– ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։
Այս շրջագծում Սուրբ պատարագներին Վեհափառ հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց եկեղեցու միասնությանը։
Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։
Հայ եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը՝ անկախ արտաքին ճնշումներից՝ հավատարիմ մնալով Սուրբ ավետարանին և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։
Հայտարարությանը միացել են Տ․ Խաժակ Արքեպս․ Պարսամյանը, Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանը, Տ․ Վիգեն Արքեպս․ Այքազյանը, Տ․ Արամ Արքեպս․ Աթեշյանը, Տ․ Եզրաս Արքեպս․ Ներսիսյանը, Տ․ Աշոտ Եպս․ Մնացականյանը, Տ․ Արմաշ Եպս․ Նալբանդյանը, Տ․ Արարատ Եպս․ Գալթագճյանը, Տ․ Մարկոս Եպս․ Հովհաննիսյանը, Տ․ Հովակիմ Եպս․ Մանուկյանը, Տ․ Տաթև Եպս․ Հակոբյանը, Տ․ Նարեկ Եպս․ Բերբերյանը, Տ․ Աբգար Եպս․ Հովակիմյանը, Տ․ Սերովբե Եպս․ Իսախանյանը, Տ․ Դանիել Եպս․ Ֆընտըգյանը, Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանը, Տ․ Օշական Եպս․ Գյուլգյուլյանը, Տ․ Թեոդորոս Եպս․ Զաքարյանը, Տ․ Մեսրոպ Եպս․ Պարսամյանը, Տ․ Կորյուն Եպս․ Բաղդասարյանը, Տ․ Կիրակոս Եպս․ Դավթյանը, Տ․ Առեն Եպս․ Շահենյանը, Տ․ Գրիգոր Եպս․ Խաչատրյանը, Տ․ Պարթև Եպս․ Բարսեղյանը, Տ․ Խորեն Եպս․ Առաքելյանը։
Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է «բացակայելու արգելքը»։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու վերաբերյալ հոդվածի հիմքով։





