AM
20 Փետրվար 2026 - 08:45 AMT

Ծառուկյան. Պատրաստ եմ հանդիպել, խոսել թե գյուղամիջում, թե հանդում, թե բակում

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը լայն արձագանք է գտել Հայաստանում և սփյուռքում` վերածվելով համահայկական նախագծի, հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա հավելել է, որ պատրաստ է հանդիպել, խոսել մարդկանց հետ թե գյուղամիջում, թե հանդում, թե բակում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բնակավայր, որտեղ առկա է իր հետ հանդիպելու և բաց ու ուղիղ ձևով բարդ հարցերի շուրջ զրուցելու ցանկություն, ինքը պատրաստ է այցելել։

«Ինձ պետք չի ո´չ ճոխ ընդունելություն, ո´չ դահլիճներ, ոչ՝ քաղցր խոսքեր։ Կգամ մենակ, կգամ թիմով։ Պատրաստ եմ հանդիպել-խոսել թե´ գյուղամիջում, թե´ հանդում, թե´ բակում, թե´ մի սովորական-ազնիվ հայի տանը, թե´ դահլիճում, որտեղ ասեք։ Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները։ Իսկ լուծումներ, հավատացնում եմ բոլոր հարցերն ունեն։ Եվ հենց այդ լուծումները գտնելու համար է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը»,-ասվում է գրառման մեջ:

Ծառուկյանը երաշխավորել է, որ նախաձեռնության համակարգող խորհուրդը որևէ առաջարկ չի անտեսելու, և բոլոր հետաքրքիր գաղափարները շարունակություն են ունենալու՝ նպաստելով Հայաստանի և ամբողջ հայկական աշխարհի վերածնմանը։

Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր է ձևավորել քաղաքական և հանրային հարթակ՝ «Նոյյան տապանի» ձևաչափով, որի նպատակը կլինի Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը և համազգային համախմբումը։

«Ամիսներ առաջ հայտարարել եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկը, համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։ Սա վերկուսակցական նախաձեռնություն է, մեր քաղաքացիների մասին և նրանց մասնակցությամբ կազմվող ծրագիր»,-ասել էր նա: