AM
20 Փետրվար 2026 - 09:09 AMT

Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի

Ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի, ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ԵԱՀԿ ԽՎ նիստում:

Նա նշել է, որ ընտրական գործընթացների նկատմամբ հիբրիդային միջամտությունն այլևս տեսական սպառնալիք չէ:

«Այն գործնական գործիքակազմ է, որն օգտագործվում է պետությունների քաղաքական կայունությունը խաթարելու և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը թուլացնելու համար:

Խոսքը համակարգված ապատեղեկատվական արշավների, կիբեռհարձակումների, արհեստական բևեռացման խթանման և արտաքին քաղաքական շահերով պայմանավորված ազդեցության գործողությունների մասին է:

Այս մեխանիզմները հատկապես ակտիվանում են ընտրություններին նախորդող փուլերում: Հայաստանում ևս ընտրություններին ընդառաջ մենք գործնականում արդեն տեսնում ենք նման երևույթներ: Արտաքին ազդեցության քաղաքական դերակատարները և դրանց հետ կապված տեղեկատվական ցանցերն ակտիվանում են, առաջացնում են տեղեկատվական աղմուկ, փորձում ձևավորել ներքաղաքական օրակարգ, թուլացնել հանրային վստահությունը և ազդել հանրային տրամադրությունների վրա:

Սա միայն Հայաստանի խնդիրը չէ: Սա ժողովրդավարական ինքնիշխանության խնդիր է»,-ասել է նա:

Պատգամավորը հավելել է, որ պետք է․ ամրապնդել ընտրական գործընթացների կիբեռանվտանգությունը, բացահայտել և կանխել համակարգված ապատեղեկատվական ցանցերը, ապահովել ֆինանսական և քաղաքական ազդեցությունների թափանցիկությունը, խորացնել միջազգային համագործակցությունը հիբրիդային միջամտությունների կանխարգելման ուղղությամբ:

«Վստահ եմ, որ համագործակցության և համակարգված ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր Ասամբլեայի կողմից տեղակայված ընտրությունների դիտորդական առաքելությունների օգնությամբ մեր երկրներում ժողովրդավարությունը կշարունակի պաշտպանված մնալ»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: