Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում պատկերված անձը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է, հայտարարել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանն ասուլիսում:
Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ ՌԴ-ից, Սերբիայից և Չեռնոգորիայից ստացված երեք անկախ փորձագիտական եզրակացությունները հաստատել են Արշակ սրբազանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ նա որևէ առնչություն չունի շրջանառվող տեսագրությունների բովանդակության հետ։
«Քննչական կոմիտեի փորձագետն ասել է՝ հավանաբար Արշակ սրբազանն է, սակայն քննչական կոմիտեն միշտ այդ «հավանաբարը» հանում է։ Վերցրել են ինտերնետից նկար, ասել են՝ քիթը նման է, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, և կարելի է եզրակացնել, որ նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, բայց կարելի է նաև չեզրակացնել»,– ասել է Բաբայանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Փաստաբանը շեշտել է, որ առանցքային հարցին պատասխան դեռևս չկա՝ արդյոք տեսագրությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ։
«Ավելին՝ այս փորձաքննությունը նշանակելուց առաջ մեզ անգամ չեն ծանոթացրել որոշմանը։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ Արշակ սրբազանը՝ որպես վարույթով շահագրգիռ անձ, որոշմանը պետք է ծանոթանար, որպեսզի հնարավորություն ունենար հարցեր տալու։ Բնականաբար, առաջին հարցը լինելու էր՝ տեսագրության մեջ պատկերվածն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցե՞լ է, թե ոչ»,– շարունակել է փաստաբանը։
Բաբայանը, չնշելով փորձագետի ինքնությունը, ընդգծել է, որ ներկայացված եզրակացությունից պարզ չէ, թե ով է տվյալ փորձագետը, ինչ կրթական և մասնագիտական փորձ ունի, ինչպես նաև որտեղ է գործունեություն ծավալել։
«Ինձ մոտ տպավորություն է, որ ցանկացած մեկին ասել են՝ արի, ստորագրի»,– հավելել է փաստաբանը։
Բաբայանն ասել է նաև, որ դեռ կան պետություններ, որոնցից սպասվում են փորձագիտական եզրակացություններ, սակայն արդեն ստացված երեքը բավարար հիմք են տվել այդ մասին հրապարակային խոսելու համար, հայտնում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ երբ ինքը տեղեկացրել է, որ երեք երկրից արդեն առկա են փորձաքննության արդյունքներ, իր համար անակնկալ է եղել Քննչական կոմիտեի արձագանքը, որով նշվել է, թե քրեադատավարական շրջանակներից դուրս իրականացված փորձաքննությունները չունեն ապացուցողական նշանակություն։
«Հլը մի բան էլ հայտարարում էին, թե իրենց կողմից արված փորձաքննության մեջ հաստատվել է, որ տեսանյութում Արշակ Սրբազանն է։ Զարմանալի է, որ ՔԿ-ն չգիտի, որ փաստաբանը կարող է փորձաքննություն նշանակել։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կապ ունի քրեադտավարական օրենսգիրքը և վարույթը մեր կողմից նշանակված փորձաքննության հետ։ Որևէ առնչություն չունի։
Մենք որևէ դեպքում քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Մենք այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ քրեադատավարական գործում որպես ապացույց ներկայացնենք։ Իրականացվող վարույթի շրջանակներում Արշակ սրբազանը, թեև, ունի վկայի կարգավիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակ ունի»,-ասել է նա:
Բաբայանը անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու Արշակ սրբազանը հանդես է գալիս վկայի, այլ ոչ թե տուժողի կարգավիճակով։
«Առաջարկվել էր, որ սրբազանը հանդես գա տուժողի կարգավիճակով՝ այն հոդվածով, որով հիմա անցկացվում է քրեադատավարությունը, մասնավորապես, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիքը խախտելու հոդվածով իրականացվող վարույթով։ Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքն առնչություն չունի այդ տեսանյութում պատկերված իրողությունների հետ, հետևաբար, ինքը չէր կարող տուժել՝ իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Եթե ինքը չէ, ապա իր անձնական գաղտնիքը որևէ մեկը չի խախտել։ Բայց մի այլ բան հայտարարվեց, որ ինչ-որ մարդիկ այդ կեղծ տեսանյութերը տարածելով՝ փորձել են ատելություն սերմանել Արշակ սրբազանի նկատմամբ և, հետևաբար, գործի քննությունը պետք է տարվի այդ ուղղությամբ, հայտնաբերվեն այն անձինք, որոնք իրականացրել են այդ կեղծիքը, հետո նաև դրա տարածումը»,-ասել է փաստաբանը:
«Հայկական Վիկիլիկս» անվանումով տելեգրամյան նորաբաց ալիքը 2025 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակել էր ինտիմ բնույթի տեսագրություն՝ այն վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականը արձագանքել էր՝ նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող զբաղվել հորինվածքների և զրպարտությունների հերքմամբ, և խելամիտ է համարել անտեսել դրանք։
Արշակ սրբազանը ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալուց հետո։ Հետագայում տեղեկացվել է, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվել է։ 2026 թվականի փետրվարի 3-ին դատարանը երկարաձգել է նրա կալանքի ժամկետը ևս երկու ամսով։





