ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առավելագույնը 10–15 օր է հատկացրել Իրանի հետ «գործարքի համար»: Այդ մասին նա ասել է լրագրողներին ինքնաթիռում, դեպի Ջորջիա ուղևորվելիս։
Նա նշել է, որ 10 օրը բավարար կլիներ, իսկ 15 օրը վերջնաժամկետն է։ Նա ընդգծել է, որ գործարքը կկնքվի «այս կամ այն կերպ», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայտարարությունը հնչել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հռետորաբանության սրման, ինչպես նաև Իսլամական Հանրապետության տարածքին ԱՄՆ հնարավոր հարվածների մասին լուրերի ֆոնին։ Հնարավոր բանակցությունների մանրամասները կամ վերջնագրի պայմանները Թրամփը չի հստակեցրել։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահու զգուշացրել է, որ Իրանի կողմից հարձակման դեպքում պատասխանը կլինի «անպատկերացնելի»։
Ռազմական ակադեմիայում տեղի ունեցած արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է Իրանին հասցնել հուժկու հարված, որի հետևանքները դժվար է պատկերացնել, եթե ագրեսիա իրականացվի Իսրայելի պետության դեմ, հայտնում է «Վեստի Կավկազան»:
«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մի բան կարելի է ասել հաստատ. եթե այաթոլլաները սխալ գործեն և հարձակվեն մեզ վրա, նրանք կբախվեն պատասխանի, որը նույնիսկ չեն կարող պատկերացնել»,-ասել է Նեթանյահուն:
Նեթանյահուն նաև նշել է, որ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի հարցով Իսրայելի դիրքորոշումը, որը ներառում է միջուկային ենթակառուցվածքի լիակատար վերացում, հրթիռային ծրագրի սահմանափակում մինչև 300 կիլոմետր և տարածաշրջանային դաշնակիցներին ցուցաբերվող աջակցության դադարեցում։
Ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ արդեն փետրվարի 21-ին: Դեռևս հունվարին Սպիտակ տունն ասում էր, որ ուժ կկիրառի, եթե Իրանը «արդար գործարքի» չգնա, ինչը ենթադրում է հրաժարում միջուկային զենքից: Իրանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել:





