AM
21 Փետրվար 2026 - 06:20 AMT

Աջափնյակում կրակոցների գործով 12 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցների գործով 12 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում, հայտնել է Քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձևավորված մեծաթիվ քննիչներից բաղկացած խումբը իրականացրել է ծավալուն քննչական և վարութային գործողություններ։ Միաժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ, ինչպես նաև ուրվագծվել է միջադեպին մասնակցած անձանց հիմնական շրջանակը։

Կատարված նախաքննությամբ բացահայտվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով յոթ անձի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը։

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (7 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի դրանից, իրականացված լայնածավալ քննչական և վարութային միջոցառումների արդյունքում անհատականացվել են զինված բախման մի շարք այլ մասնակիցներ։ Եվս 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Երևանի ավելի քան 40 հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քննության համար կարևոր նշանակություն ունեցող իրեր և առարկաներ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ խուզարկություններ են իրականացվել նաև Արմավիրի մարզի մոտջ 20 հասցեում։

Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ։ Հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը մահացել է, կա 6 վիրավոր: