AM
23 Փետրվար 2026 - 07:18 AMT

Գրիգորյան․ Հանրապետության 2-րդ քաղաք գալ ու անվանել «գյուղ»` զգույշ եղեք, Գյումրին նման սխալներ չի ներում

Հանրապետության 2-րդ քաղաք գալ ու անվանել «գյուղ» առնվազն փնթի վերաբերմունք է գյումրեցիների նկատմամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը:

«Զգույշ եղեք, Գյումրին նման սխալներ չի ներում»,-գրել է նա:

Նա նշել է, որ գյումրեցին նույնիսկ համայնք բառի հետ հաշտ չէ ուր մնաց «գյուղ»:

«Գյումրին (Ալեքսանդրապոլը, Լենինականը), որ քաղաք էր այսօր Գյումրուն «գյուղ» ասողներն էլ ծնված չէին, իրենց ծնողներն էլ հետը: Հանրապետության երկրորդ քաղաք գալ քարոզչության ու հոգևոր մտքի, մշակույթի, սպորտի, կինոների, հայ անվանի մտածողների, թատրոնի, հումորի, աշուղների, ընդգծված նիստուկացի քաղաքին անվանել «գյուղ»` առնվազն կորակեմ փնթի վերաբերմունք գյումրեցիների նկատմամբ, մինչև ՔԱՂԱՔ գալերդ ձեզ պիտի բացատրած լինեին, որ զգույշ կլինեք, ավել պակաս դուրս չտաք, դա Գյումրի քաղաքն է ու ձեր տեղի պատասխանատուները պետք է ձեզ ասած լինեին, որ գյումրեցիները տանել չեն կարողանում երբ որ քաղաքին «ռայոն» են ասում, մեզ էլ «ռայոնցիների» աչքով են նայում և «ռայոն» ասողներին ցանկացած գյումրեցի տեղում արժանին է մատուցել: Գյումրեցին նույնիսկ համայնք բառի հետ հաշտ չէ ուր մնաց «գյուղ» դարձնեք․․․

Տղաներ, Գյումրին որ քաղաք էր շատ քաղաքներ յայլա էին:

ՀԳ. այսքանը որպես գյումրեցի պարտավոր էի ասել, մնացածը` երբ հանդիպեցինք առավել մանրամասն կասեմ»:, ասվում է գրառման մեջ:

Գյումրիին «գյուղ» է անվանել գործարար Սամվել Կարապետյանի թիմակիցներից մեկը, ինչը դժգոհություն է առաջացրել Գյումրու բնակիչների շրջանում: «Ողջույն, գյումրեցինե՛ր ջան, եկել ենք ձեր գյուղ հյուր, բայց մեզ հյուր չենք զգում»,- ասել են տեսանյութում «Մեր ձևովի» անդամներ Ալիկ Ալեքսանյանը և բժիշկ Անդրանիկ Ղազարյանը:

Ավելի ուշ, արձագանքելով քննադատություններին, Ալեքսանյանը ֆեյսբուքյան եթերում ասել է, որ եղել են Շիրակի մարզի Ախուրյան, Կամո գյուղերում, հայրաքաղաք Գյումրիում, շփվել են մարդկանց հետ, ծանոթացել են նրանց խնդիրներին:

«Մինչև հայրաքաղաքից հասա մայրաքաղաք, տեսա՝ ինչ-որ մարդիկ ընկել են ցնցումների մեջ: Ժողովուրդ ջան, մենք չենք գնում քաղաքների կաֆեներում նստում ֆոտոներ անում, մենք գալիս ենք աշխատելու, խնդիրները լսելու։ Էդ ցնցումների մեջ ընկածներին եմ ասում, որ հայրաքաղաքի կենտրոնում ադրբեջանցիները գալիս վիդեոներ են նկարում, ու ձեր ծպտունները դուրս չի գալիս պադվալներից, ինչի՞ չէիք խոսում»,-ասել է նա: