«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։
«Կարգավորվում եմ, շնորհակալություն։ Արդեն կարողանում եմ քայլել»,-ասել է նա, պատասխանելով առողջական վիճակի վերաբերյալ հարցին, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ ունի որոշակի սահմանափակումներ և չի կարող պատասխանել լրագրողների հարցերին։
Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն ավելի քան 102 օր գտնվում են անազատության մեջ։
Նրա խոսքով՝ անցած երեք ամիսների ընթացքում թե՛ Նարեկ Սամսոնյանը, թե՛ Վազգեն Սաղաթելյանը անցել են բարդ փուլերով։
«Բայց հատկապես Նարեկ Սամսոնյանը, գիտեք, որ հացադուլի միջով է անցել, այնուհետ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, վիրահատություն։ Այս ամենի մեջ միակ ուրախացնողն այն է, որ այս առողջական խնդիրների պայմաններում իր կալանքը կկրի ոչ թե բանտային պայմաններում, այլ՝ տանը։ Հակառակ պարագայում ոչ մի ուրախացնող հանգամանք չկա քրեական հանցագործություն չգործած մարդու համար»,-ասել է նա:
Մաթևոսյանը ընդգծել է, որ սահմանափակումները խիստ են։
«Ինչպես նկատեցիք՝ Նարեկին արգելված է հաղորդակցությունը լրատվամիջոցների հետ, հնարավորություն ունի շփվելու միայն իր հետ ապրող և չբնակվող մերձավորների հետ, ինչպես նաև պաշտպանների հետ։ Եթե չեմ սխալվում, այս կալանքը պահպանվելու է մինչև ապրիլի 10-ը»,-ասել է նա:
Հունվարի 9-ին դատարանը որոշել էր երեք ամսով երկարաձգել «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Դատարանի այս որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ իր ձևակերպմամբ՝ «իրավական խայտառակությունը դադարեցնելու» պահանջով։ 14 օրից նա դադարեցրել էր հացադուլն ու տեղափոխվել հիվանդանոց:





