AM
23 Փետրվար 2026 - 13:39 AMT

Միրզոյան․ Հաշտության ուղին բարդ է, քանի դեռ 19 հայ պահվում է Բաքվում

Ադրբեջանի հետ հաշտեցումը բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն, և միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։ Այդ մասին Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, Հայաստանը մնում է հաստատակամորեն հանձնառու շարունակելու այս ուղին՝ ապագային միտված հանգրվանին հասցնելու նպատակով այն գիտակցմամբ, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կձևավորի առավել նպաստավոր միջավայր հակամարտության հետևանքների հասցեագրման համար։

«Տասնամյակներ տևած զինված հակամարտություններից և մարդասիրական ճգնաժամերից հետո Հայաստանը և Ադրբեջանը վճռական քայլեր ձեռնարկեցին մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև ճանապարհ հարթեց առևտրի, փոխկապակցվածության և մարդկանց միջև շփումների համար։ Այս ուղին կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնություններից անդին տանելու նպատակով մենք նաև սերմանում ենք մեր հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության հիմքերը»,-ասել է Միրզոյանը:

Նա խոսել է նաև հիբրիդային սպառնալիքների հզոր ալիքի մասին, այդ թվում՝ ապատեղեկատվության, մանիպուլյացիաների և արտաքին միջամտության։

«Դրանք թիրախային, համակարգված և ոչ բարեկամական արշավներ են, որոնք միտված են հասնելու հստակ նպատակների, այդ թվում՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների արդյունավետ իրացման նկատմամբ մեր քաղաքացիների վստահության խաթարմանը։ Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է մեր ամենօրյա աշխատանքը՝ ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդման միջոցով»,-ասել է Միրզոյանը:

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։