AM
24 Փետրվար 2026 - 06:27 AMT

Միրզոյանն ու Կասիսը ողջունել են ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու որոշումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը Ժնևում տեղի ունեցած հանդիպմանը ողջունել են Բեռնում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու ՀՀ կառավարության որոշումը: Նրանք ընդգծել են, որ այդ քայլը նոր խթան կհանդիսանա երկկողմ առավել սերտ համագործակցության համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն Շվեյցարիայի Համադաշնությունում իր դեսպանությունը Ժնևից կտեղափոխի երկրի մայրաքաղաք Բեռն, ինչի համար 2026 թվականի բյուջեով նախատեսվում է լրացուցիչ 196 մլն դրամ։

Նրանք քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Շվեյցարիայի նախագահության պայմաններում։ Անդրադարձ է կատարվել այլ ձևաչափերով փոխշահավետ ներգրավվածությանը, ինչպես նաև առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին, ներառյալ Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը։

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և դրա ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։ Քննարկվել են նաև հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերը։

Ժնևում շարունակելու է գործել ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։