ՀՀ և Քենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները պաշտոնապես ձևակերպել են քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը և քննարկել համագործակցության ընդլայնման ուղղությունները։
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Քենիայի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարարության քաղաքական և դիվանագիտական գործերի գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարան ստորագրել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթղթի ստորագրումից հետո անցկացվել են Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանի և գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարայի գլխավորությամբ։
Քննարկումների ընթացքում զրուցակիցները անդրադարձել են կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության խթանման հնարավորություններին։ Երկու կողմերն ընդգծել են քաղաքական երկխոսության ամրապնդման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նշանակությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը և փոխադարձ աջակցության հարցերին։
Քենիական կողմին ներկայացվել են 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հայկական կողմի առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում արձանագրված վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի այլ թեմաներ։
Վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ-ն ակտիվացրել է շփումներն Աֆրիկյան մայրցամաքի եկրների հետ: Հուշագիր է ստորագրվել նաև Զիմբաբվեի հետ:





