Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթները վերաբերում են ոչ միայն նախկին, այլև գործող պաշտոնատար անձանց, ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Անդրադարձ կատարելով այն հարցադրմանը, թե արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեն պայքար է մղում բացառապես նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ես այդ պնդումների հետ համաձայն չեմ, քանի որ քրեական հետապնդումները վերաբերելի են նաև գործող պաշտոնյաների, ոչ միայն նախկին պաշտոնյաների։ Տոկոսային հարաբերակցությամբ այս պահին չեմ կարող նշել, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին ևս իրականացվում են մի շարք ստուգողական գործողություններ, որոնց թիրախում ոչ թե նախկին պաշտոնյաներ են, այլ գործող պաշտոնյաներ»,- ասել է Նահապետյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, հայտնում է Արմենպրես-ը:
Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչ կանխարգելիչ տվյալներ է Կոմիտեն ներկայացրել կառավարությանը՝ կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով։ Նահապետյանի ներկայացմամբ՝ կազմվել և պետական ու տեղական մարմիններին է հասցեագրվել մոտ 120 միջնորդագիր։
«Այդ միջնորդագրերի էությունը կայանում է նրանում, որ երբ մենք քրեական վարույթներով հայտնաբերում ենք հանցագործությունը ծնող պատճառներ և պայմաններ ու տեսնում ենք, որ դրանք պետք է վերացվեն, դրանք շարադրում ենք համապատասխան փաստաթղթում և հասցեագրում կոնկրետ մարմիններին՝ ակնկալելով մեկամսյա ժամկետում համապատասխան քայլեր և դրանց վերաբերյալ գրավոր իրազեկում»,- նշել է նա։
Նահապետյանի խոսքով՝ միջնորդագրերի հիմնական նպատակը հետագայում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելումն է՝ վերացնելով այն հանգամանքներն ու պայմանները, որոնք կարող են նպաստել կոռուպցիայի զարգացմանն ու տարածմանը։
Նա հրաժարվել է այս պահին գնահատական տալ, թե Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, անգլերենի դասերի վերաբերյալ հայտարարությունները դուրս են բարեգործության արգելքի շրջանակից, թե ոչ, հայտնում է Aysor.am-ը:
«Այս պահին ես կխուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որպեսզի հետագայում իմ ասածը չկանխորոշվի իրավական ելքով, բայց մենք Քրեական օրենսգրքում ունենք 221-րդ հոդված, որը բարեգործության արգելքը խախտելու հոդվածն է, այն, ըստ էության, գործում է, երբ նախագահը հրամանագիր է ստորագրում ու նշանակում է ընտրության օր, այդ պահից սկսած՝ մինչև արդյունքների ամփոփումը, մենք գործ ունենք բարեգործության արգելքի հետ»,- նշել է նա։
Նահապետյանը նաև հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ առնչությամբ որևէ հաղորդում կոմիտեում չի գրանցվել։
«Եթե ունենանք հաղորդում կամ ստուգողական գործողություններ, մենք կկայացնենք համապատասխան որոշում ու հանրությունը պատշաճ կիրազեկվի»,- նշել է նա։
Լրագրողի հարցին՝ արդյոք վտանգ է տեսնում, որ Աննա Հակոբյանի դեպքով որևէ հայտարարություն անելու դեպքում կարող է Նիկոլ Փաշինյանի կողմից «Վոթսափով» հաղորդագրություն ստանալ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը արձագանքել է. «Ձեր հարցը պատասխան չունի»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգողական գործողություններ է կատարում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրում ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ:





