AM
24 Փետրվար 2026 - 10:58 AMT

Դեսպան․ Հնարավոր է` հայ–իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս անցկացվեն

Հնարավոր է` հայ–իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան և լինեն ավելի մասշտաբային, ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին «Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամության» շնորհման արարողությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 2025 թվականի ապրիլին անցկացրել են համատեղ զորավարժություն։

«Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումները ընթացիկ, առօրյա միջոցառումներ են, որոնք հնարավոր է ապագայում ևս տեղի ունենան, և հնարավոր է` ապագայում ավելի մասշտաբային լինեն»,– ընդգծել է դեսպանը։

Լրագրողների մյուս հարցին՝ արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Իրան վաղուց էր պլանավորված, թե այն կարելի է դիտարկել Իրանի շուրջ ստեղծված լարվածության համատեքստում, Շիրղոլամին պատասխանել է, որ այցը նախապես է պլանավորվել։

«Սա խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ընթացող համագործակցության և կապերի մասին։ Այս այցի վերաբերյալ ևս երկու երկրների տարբեր պատվիրակությունների ձևաչափերի միջոցով պլանավորվել է։ Այս այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու տարբեր հարցերի վերաբերյալ և ավելի խորացնելու արդեն իսկ առկա համագործակցությունը»,– վստահեցրել է դեսպանը։

Նրա խոսքով՝ հայ–իրանական սահմանը մշտապես հանդիսացել է խաղաղության սահման և երկու երկրների համար ունի առանձնահատուկ կարևորություն։

«Երկու երկրների ռազմական ոլորտներն էլ հենց հիմնվում են այդ պատմական կապերի վրա և սահմանի անխզելիության, ինչպես նաև երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա»,– նշել է Շիրղոլամին։

Դեսպանը հավելել է, որ երկու պետությունները տարբեր ոլորտներում՝ ակադեմիական, տնտեսական, քաղաքական և մշակութային, ընթանում են ճիշտ ուղղությամբ և օրեցօր զարգացնում են համագործակցությունը, ինչի արդյունքում ապագայում հնարավոր կլինի արձանագրել նոր ձեռքբերումներ։

Պատասխանելով այս տարվա հունվարին դեսպանի կողմից հնչեցված կոշտ գնահատականների մասին հարցին՝ կապված ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտ անցկացված հակաիրանական ցույցերի և այդ ֆոնին ՀՀ իշխանությունների հայտարարությունների հետ, Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ՀՀ համապատասխան մարմիններին ձեռնարկված քայլերի համար։

«Այն իրադարձություները, որոնց ականատեսը եղանք Իրանում, դրանք ի սկզբանե խաղաղ ցույցեր էին, որոնք արտասահմանից Իրան ներմուծված կազմակերպված խմբերը փորձեցին տանել այլ հունով և երկիրը ներքաշել ներքաղաքական պատերազմի մեջ։ Նմանօրինակ լոզունգներով քաղաքական, իշխանափոխության, ցանկացած ակցիա քննադատելի են։ Այդ մարդիկ նույնպես մեր քաղաքացիներն են, նրանց էլ ենք մենք սիրում, և մենք վստահ ենք մեր ընտանիքի ներսում ի հայտ եկած տարաձայնությունները պետք է լուծենք հենց ընտանիքի ներսում»,– ասել է Շիրղոլամին։

Իրանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին։ Դժգոհության հիմնական պատճառները եղել են փոխարժեքի տատանումները և գների աճը։ Ավելի ուշ մի շարք քաղաքներում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների, իսկ հնչեցվող կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ ուղղված Իրանում գործող քաղաքական կարգի դեմ։ Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց նկատմամբ, ինչին Թեհրանը արձագանքել է դատապարտմամբ։

Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք, ըստ հաղորդագրությունների, հրահրվել են 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով։ Այնուհետև փողոց են դուրս եկել նաև գործող իշխանության աջակիցները։