Փետրվարի 24-ին Երևանի քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, նշանակված էր 2023-ին հայտնաբերված թմրանյութի գործով դատական նիստը, որի շրջանակում մեղադրյալ է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը, սակայն նիստը հետաձգվել է:
Պողոսյանի նկատմամբ հեռակա վարույթ է իրականացվում։ Նիստին, սակայն, մյուս մեղադրյալները և վերջիններիս պաշտպանները չէին ներկայացել: Դատարանը նրանցից ոմանց բացակայությունը անհարգելի է գնահատել և ստիպված եղել հետաձգել դատական նիստը, հայտնում է Factor.am-ը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող «Մրգենի» ընկերության կողմից Էկվադորում գործող կազմակերպությունից պատվիրված բանանի խմբաքանակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ մոտ 250 միլիոն եվրո արժողությամբ։ Պաշտոնական հաղորդագրությամբ նշվել է, որ թմրամիջոցի քաշը կազմել է մոտ մեկ տոննա։
Բացի Միհրան Պողոսյանից, գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև «Մրգենի» ՍՊԸ տնօրեն Լևոն Աթաջանյանը, նույն ընկերության գնումների և ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանը, ինչպես նաև Սամվել Գալուստյանը և Գագիկ Բադալյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով (788 կգ) «կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար։
Այսպիսով, թեև սկզբնական հայտարարությամբ խոսվել է մոտ մեկ տոննա կոկաինի հայտնաբերման մասին, քրեական վարույթում նշված քաշը կազմել է 788 կգ։





