Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» խորագրով բանաձևին:
Բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, հայտնում է Radar Armenia-ն:
Բանաձևին կողմ է քվեարկել 107 պետություն, դեմ՝ 12-ը: Ձեռնպահ է մնացել 51 երկիր որոնց թվում է նաև Հայաստանը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում այս հստակ ուղերձին աջակցող բոլոր 107 անդամ պետություններին։ Մենք վճռականորեն և հետևողականորեն կգործենք՝ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»,- քասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
«Մենք իսկապես պատմական քվեարկություն ունեցանք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևի համար, որը մենք ներկայացրել էինք», – նշել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։
Դեմ քվեարկած երկրների շարքում են եղել Ռուսաստանը, Բելառուսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Նիգերը և Սուդանը։





