AM
25 Փետրվար 2026 - 07:44 AMT

Կարապետյան. Սամվել Կարապետյանն ունենալու է միայն ՀՀ քաղաքացիություն, գնալու է մինչև վերջ՝ իր անունով և իր դեմքով

Հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Ազատությանը» տված հարցազրույցում:

«Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանը ունենալու է միայն ՀՀ քաղաքացիություն»,- ասել է նա։

Նա անդրադարձել է նաև ընթացակարգային հարցերին:

«Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ, հայտնի գործիչը , վախենալով, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը, նրան պահում է կալանքի տակ, այդ իսկ պատճառով հիմա կան սահմանափակումներ, բայց մենք վերահաստատում ենք, որ կալանքից ազատվելուց հետո Սամվել Կարապետյանը կունենա մեկ՝ ՀՀ քաղաքացիություն»,-ասել է նա:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը վերահաստատել է, որ իրենց քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

«Նա գնալու է մինչև վերջ իր դեմքով, իր անունով, իր բոլոր հնարավորությունները թողած՝ Հայաստանում այս պրոցեսը սկսելով, յոթ ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով՝ նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է այդ փոփոխություններն իր դեմքով:․․․

Եթե Սամվել Կարապետյանը «չի կարող» լինել վարչապետ, ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը նրան կալանքի տակ պահում։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, հենց այդ պատճառով է նրան կալանքի տակ պահում»։

Նարեկ Կարապետյանը նաև ասել է, որ պետք է դուրս գանք հակասությունների տրամաբանությունից և տարածաշրջանային երկրների հետ մտնել համագործակցության տրամաբանության մեջ։

«Մենք պետք է վտանգ տեսնենք այն հարևանների մեջ, ովքեր հարյուրամյակներով ապացուցել են, որ վտանգ են ներկայացնում հայ էթնոսի համար և չունենանք Թուրքիայի հետ սահմանը բացելու հանցավոր ինքնավստահություն, երբ չես լուծել գյուղատնտեսությանդ հարցը»,-ասել է Կարապետյանը։

Կարապետյանն ասել է, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն Թուրքիայի հետ տարածքային կամ այլ բնույթի հակասություններ չունի։ Միևնույն ժամանակ նա նկատել է, որ Թուրքիան ի վերջո ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, թեև գործող ղեկավարի պայմաններում դա քիչ հավանական է թվում։

«Ժամանակի ընթացքում անխուսափելի է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմության հետ, այն լարումից կհանի ամբողջ տարածաշրջանը, արդարության զգացողություն կբերի մեր երկրին, որը կբերի իրական հարևանության գաղափարին»,- ասել է Կարապետյանը՝ նկատելով, որ այդ պարագայում հայերը պահանջներ չեն ունենա, այլ պարզապես վստահություն կստանան, որ Թուրքիան վտանգ չի ներկայացնի հայկական էթնոսի համար։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: