AM
26 Փետրվար 2026 - 12:22 AMT

Փաշինյան․ ՀՀ-ն փոքր պետություն է, կարող է միայն խրախուսել դիվանագիտական լուծումն ԱՄՆ ու Իրանի միջև

Հայաստանը փոքր պետություն է, որի կարողությունների սահմաններում չէ դատել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների մասին՝ կարող է միայն խրախուսել դիվանագիտական լուծումը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հարցուպատասխանի ժամանակ:

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե եթե Իրանն ու ԱՄՆ-ն փոխզիջման չգան և տարածաշրջանում ճգնաժամ սկսվի, ինչպե՞ս դա կազդի Հայաստանի կայունության վրա, հայտնում է Արմենպրեսը:

«Ինչ վերաբերում է Իրանին և ԱՄՆ-ին. գիտեք, Հայաստանը փոքր և համեստ պետություն է, և մեր կարողությունների սահմաններում չէ դատել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների մասին։ Մենք, իհարկե, մտահոգված ենք, և մեր ցանկությունն է, որպեսզի հնարավորություններ լինեն դիվանագիտական ճանապարհով ելք գտնելու այս իրավիճակից։ Իհարկե, այս շատ փոփոխական և անկայուն իրավիճակում մենք ուրախ ենք, որ կարողացել ենք կայունություն և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Եվ ցանկացած անկայունություն, ցանկացած մարտահրավեր շատ մտահոգիչ է, և մենք հույս ունենք, որ կայուն իրավիճակ կունենանք լայն տարածաշրջանում։

Ակնհայտ է, որ մենք չենք կարող մեծ ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա, ուստի մեր անելիքն է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ, եթե լինեն հնարավորություններ դրական ազդեցություն ունենալու, մենք կուզեինք, բայց, ինչպես ասել եմ՝ մենք փոքր պետություն ենք և կարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին»,- ասել է Փաշինյանը։

ԱՄՆ-ն դիտարկում է ռազմական տարբերակը, եթե Իրանի հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ արդյունք չտան: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը օրինական պատասխան է տալու ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում։