Եվրոպայում կա քաղաքական որոշում` վարչապետ Նիկոլ Փաշինյանին «քարտ բլանշ» տալ, քանի որ վերջինս համաձայն է սպասարկել Եվրոպայի շահերը, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա՝ ԵՄ-ն ոչ թե Հայաստանում ուզում է ազատ ու անկախ ընտրություններ, այլ Փաշինյանի վերարտադրություն և «աչք է փակում նրա ռեպրեսիաների վրա», հայտնում է Sputnik Արմենիան:
«Եվրոպական միությունում ղեկավարության մակարդակով կա հստակ քաղաքական որոշում` աչք փակել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ներսում բոլոր ռեպրեսիաների, քաղաքական մրցակիցներին ու հակառակորդներին ճնշելու, ընտրություններից մի քանի ամիս առաջ ընտրությունները կեղծելու գործընթացի վրա»,– նշել է Աշոտյանը։
Նրա խոսքով՝ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն իրենց բառապաշարից հանել են «ազատ, անկախ ընտրությունների» ձևակերպումը, քանի որ գիտեն, որ այդպիսի պայմաններում Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի։
Աշոտյանը կարծիք է հայտնել, որ իշխանություններն արդեն իսկ մեկնարկել են ընտրակեղծիքների գործընթացը՝ որպես օրինակ մատնանշելով թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու խոստումը։
«Աբսուրդ է, ԱԺ–ն արդեն հաստատել է կառավարության բյուջեն, այդտեղ ոչ մի խոսք չի եղել այս ամենի մասին։ Ակնհայտ է, որ սա պոպուլիզմ է։ Սա պետական մակարդակով ընտրակաշառք է»,– հավելել է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ՝ ընտրությունները կեղծելու դրսևորումներից է նաև քվեարկությունից ամիսներ առաջ ընտրական օրենսգիրքը փոխելը, դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակելը և քաղաքական մրցակիցներին կալանքի տակ պահելը։
«Դու չես կարող մրցույթը համարել ազնիվ, երբ մրցույթից առաջ դիմացի թիմից ուժեղ խաղացողների ճաշի մեջ լուծողական ես գցում ու հանում ես իրենց խաղից»,– ասել է նա։
Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026 թվականի հունիսի 7-ին։
2026 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ իր «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ-ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։ Մասնակցության վերաբերյալ պաշտոնապես հայտնել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ներկայացրել է որպես ընդդիմադիր ուժերի «նոյյան տապան», ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։





