Ծիծեռնակաբերդում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ են խոնարհե։ հանրային ու հասարակական գործիչներ, Բաքվի ջարդերից փրկված անձինք: Նրանցից ոմանք նշել են, որ իրենք շատ լավ հիշում են ադրբեջանական վայրագությունները, թե ինչպես են իրենց աչքի առաջ սպանել ծնողներին ու պապերին։
«Ադրբեջանը չի փոխվել, պաշտոնական Բաքուն Հայաստանն անընդհատ «արևմտյան Ադրբեջան» է անվանում: Իսկ նման պարագայում ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել: Ես դեռ չեմ ասում Արցախի մասին, որը հենց ՀՀ-ն է Ադրբեջան անվանում: Սա կեղծ խաղաղություն է, որն ավելի սարսափելի է, քան պատերազմը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Սումգայիթի նախկին բնակիչներից Ռուզաննա Թովմասյանը, որի հայրը զոհվել է ինքնապաշտանության ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան:
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը միջոցառման ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դիտարկել որպես երկրորդ ցեղասպան պետություն։
«Եթե Հայաստանն իր անգործությամբ շարունակի ոգևորել Ադրբեջանին, ապա այդ ցեղասպանությունը կշարունակվի»,– ասել է նա։
Արձագանքելով դիտարկմանը, թե Բաքուն շարունակում է խոսել Խոջալուի դեպքերից, Ալավերդյանը նշել է, որ այդ իրադարձությունները ևս կազմակերպվել են Ադրբեջանի կողմից։
«ԼՂՀ ղեկավարությունը հստակ տարածել էր լուրը սպասվող գործողությունների մասին, ինչը վկայում է նաև Խոջալու քաղաքի քաղաքապետի խոստովանությունը, որ, այո՛, իրենք գիտեին: Մինչ օրս հարց է՝ ո՞վ է շեղել թուրք-մեսխեթների ճանապարհն ու կրակել նրանց հետևից: Այսինքն՝ սա Ադրբեջանի հերթական ցեղասպան գործողությունն էր թուրք-մեսխեթների նկատմամբ»,– ասել է Ալավերդյանը։
Հայտարարությամբ են հանդես եկել Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները՝ նշելով, որ ազգային պատկանելության հիմքով հայերը ենթարկվեցին էթնոցիդի՝ սպանությունների, բռնությունների, խոշտանգումների և բռնի տեղահանության։
Նշվում է, որ Սումգայիթի հանցագործությունների նկատմամբ պատշաճ իրավական գնահատականի և պատասխանատվության բացակայությունը ձևավորեց անպատժելիության վտանգավոր մթնոլորտ։
«Այդ նույն քաղաքականությունն իր նոր դրսևորումը ստացավ Արցախի Հանրապետության դեմ քանիցս սանձազերծված ռազմական ագրեսիաների ընթացքում, որոնք ուղեկցվեցին պատերազմական հանցագործություններով, բնակչության նկատմամբ բռնություններով, համատարած շրջափակմամբ և 2023 թվականին Արցախի հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը խստորեն դատապարտել են ազգային պատկանելության հիմքով իրականացված բռնությունները և հայատյացության պետական խրախուսումը, կոչ են արել միջազգային հանրությանը տալ համարժեք իրավաքաղաքական գնահատական։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարում են, որ շարունակելու են հետևողական քաղաքական ուղեգիծ վարել ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, հայրենի բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ։
Փետրվարի 27-ին հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ ԱԳՆ-ն:
«1988 թվականի Ադրբեջանի ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում հարյուրավոր սպանված հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։
Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով՝ միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,- ասվում է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
Երևանում ԱՄՆ դեսպանատունը գրառում էր կատարել․ «Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»:
1988թ. փետրվարի 26-29-ը Բաքվից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսել են տեղի հայ բնակչության բնաջնջումը, որը ուղեկցվել է հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ։ Պաշտոնական տվյալներով զոհվել է 26 հայ, մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը հասել է մի քանի հարյուրի։





