Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան պատճառ դարձած հարվածը հասցվել է ոչ թե գիշերը, ինչպես կարելի էր ենթադրել, այլ առավոտյան ժամերին՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը որոշել են օգտվել ընդամենը մի քանի ժամ առաջ ստացած կարևոր հետախուզական տեղեկությունից, գրում է BBC-ն:
Մի քանի ամիս շարունակ նրանք սպասել են այն պահին, երբ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները կարող են հավաքվել միասին, և պարզել են, որ Խամենեին շաբաթ առավոտյան գտնվելու է Թեհրանի կենտրոնում գտնվող շենքերի համալիրում։
Նրանց հայտնի է եղել նաև իրանցի այլ բարձրաստիճան զինվորականների և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների գտնվելու վայրը, որոնք նույն ժամին մասնակցել են հանդիպմանը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը երկար ժամանակ հետևել են Իրանի գերագույն առաջնորդի տեղաշարժերին։ Կիրառված հստակ մեթոդները մնացել են գաղտնի, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում կատարած գրառումներից մեկում ակնարկ է արել դրանց մասին։
«Նրան չհաջողվեց խուսափել մեր հետախուզությունից և հետևող բարձրտեխոնոլգիական հակամարգերից»,-հայտարարել է Թրամփը:
Խամենեիի գտնվելու վայրի մասին տեղեկությունը կարող էր ստացվել տեղում գործող գործակալից, սակայն առավել հավանական է, որ նրան հայտնաբերել են ժամանակակից տեխնոլոգիաներով այլ իրանցի պաշտոնյաների տեղաշարժերը հետևելով։
Անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված գիտնականներին և պաշտոնյաներին և, ինչպես հաղորդվել է, կոտրել է հեռահաղորդակցության և բջջային կապի համակարգերը՝ առանձին անձանց տեղաշարժերը վերահսկելու համար։
Որոշ դեպքերում հետևել են առանցքային պաշտոնյաներին ուղեկցող թիկնապահների տեղաշարժին։
Երկարաժամկետ հեռանկարում դա թույլ է տվել ձևավորել առաջնորդի առօրյա կյանքի յուրատեսակ «պատկերներ» և բացահայտել խոցելի պահերը՝ ում հետ և որքան հաճախ է նա հանդիպում, որտեղ է նախընտրում անցկացնել այդ հանդիպումները։
Իրանը գիտակցում էր, որ գերագույն առաջնորդը գտնվում է հակառակորդների ուշադրության կենտրոնում, ուստի ամիսներ շարունակ այդ խոցելիությունները չվերացնելու փաստը կարող է վկայել կամ անվտանգության և հակահետախուզության համակարգի լուրջ ձախողման, կամ Իսրայելի և ԱՄՆ-ի մեթոդների ճկունության մասին, որոնք կարողացել են գտնել դիտարկման նոր ուղիներ։
Իրանական կողմը կարող էր նաև ենթադրել, որ ցերեկային հարվածն ավելի քիչ հավանական է։ Այս դեպքում, ինչպես գրում է The New York Times-ը, հետախուզական տեղեկությունը ստացվել է արտաքին աղբյուրից՝ ԿՀՎ-ից, և փոխանցվել Իսրայելին անմիջական հարված իրականացնելու համար։
Առկա նշանները վկայում են դերերի բաժանման մասին․ Իսրայելը կենտրոնացել է Իրանի ղեկավարության հետ կապված թիրախների վրա, մինչդեռ ԱՄՆ-ն՝ ռազմական օբյեկտների։
Կարևոր է, որ հետախուզությունը բավարար նախնական զգուշացում է ապահովել գերագույն առաջնորդի և այլ պաշտոնյաների տեղաշարժերի վերաբերյալ, ինչը հնարավորություն է տվել ծրագրել հարձակումը հեռահար հրթիռներ արձակելու ունակ կործանիչների կիրառմամբ։
Մեկանգամյա, ղեկավարությանը ուղղված հարվածի փոխարեն պլանը նախատեսել է, որ գործողությունը դառնա ավելի լայնածավալ արշավի սկիզբ, և դրա ժամկետները առաջ են բերվել՝ բարենպաստ հնարավորությունից օգտվելու համար։
Իսրայելական կործանիչներին մոտ երկու ժամ է պահանջվում Թեհրան հասնելու համար, սակայն անհայտ է մնում, թե ինչ հեռավորությունից է արձակվել զինամթերքը։
Հաղորդվում է, որ որոշում ընդունելուց հետո իսրայելական կործանիչները տեղական ժամանակով մոտավորապես 9:40-ին համալիրի վրա արձակել են 30 հզոր ռումբ։ Հնարավոր է, որ դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ գերագույն առաջնորդը շարունակել է օգտագործել համալիրի տակ գտնվող ստորգետնյա բունկերը իր պաշտպանության համար (թեև, ըստ տեղեկությունների, դա ռեժիմի տրամադրության տակ գտնվող ամենախորը բունկերներից չէր)։
Թիրախի լիարժեք ոչնչացման համար կարող էր պահանջվել մի քանի զինամթերքի կիրառում։
Վնասներ են կրել նաև Իրանի մայրաքաղաքի այլ օբյեկտներ, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանի գրասենյակը, որը հետագայում հայտնել է, որ անվտանգ է։
Իրանը հաստատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաների մահը, այդ թվում՝ Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Փակպուրի։
ԱՄՆ ախագահ Թրամփը հետևել է հարվածին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո նստավայրում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Մի քանի ժամ է անցել, մինչև պաշտոնապես հաստատվել է Իրանի գերագույն առաջնորդի մահը։
Այնուամենայնիվ, Թեհրանը պատրաստվել է նման զարգացմանը։ Տեղեկություններ կային ընտրված հետնորդների մասին՝ ոչ միայն Խամենեիի, այլ նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների համար:
Այս ամենը վկայում է այն մասին, որ Խամենեիի սպանության ազդեցությունը հակամարտության հետագա ընթացքի վրա դեռևս մնում է անորոշ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:





