Թեև պատերազմը սկսել են ԱՄՆ-ն և Իսրայելը, Իրանը կորոշի, թե երբ է ավարտվելու պատերազմը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Մենք երկու տասնամյակ ժամանակ ենք ունեցել ուսումնասիրելու ԱՄՆ բանակի պարտությունները մեր անմիջական արևելքում և արևմուտքում։ Մենք համապատասխան դասեր ենք քաղել»,– գրել է Իրանի գլխավոր դիվանագետը X սոցիալական հարթակում, հայտնում է Tansim-ը:
Նա անդրադարձել է 2000-ականների սկզբին Իրաք և Աֆղանստան ԱՄՆ ռազմական ներխուժումներին։
«Մեր մայրաքաղաքում ռմբակոծությունները որևէ ազդեցություն չունեն պատերազմ վարելու մեր կարողության վրա: Ապակենտրոնացված «մոզաիկ պաշտպանությունը» մեզ հնարավորություն է տալիս որոշելու՝ երբ և ինչպես կավարտվի պատերազմը»,– ընդգծել է Արաղչին։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո Թուրքիան փաստացի դադարեցրել է Իրանի քաղաքացիների անհատական անցումները դեպի իր տարածք, գրում է Factor.am-ը՝ Turkiye today-ի վրա հղումով։
Չնայած Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ պաշտոնական ցամաքային սահմանային անցակետերը բաց են մնացել, Իրանից մուտք գործել թույլատրվել է միայն Թուրքիայի քաղաքացիներին, մինչդեռ այլ անձինք պահվել են սահմանային դարպասներում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին մնալ անվտանգ գոտիներում և զերծ մնալ ճանապարհորդություններից, եթե դրանք խիստ անհրաժեշտ չեն՝ անվտանգության զգայուն իրավիճակով պայմանավորված։ Իշխանությունները նաև հերքել են սոցիալական ցանցերում տարածված զանգվածային անօրինական սահմանային հատումների մասին տեղեկությունները։





