ՀՀ երկրորդ նախարար Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու վերաբերյալ քրեական գործով մեղադրվող Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են։ Այդ մասին հայտնել է նրանց պաշտպան Վահե Եփրիկյանը, տեղեկացնում է Factor.am-ը:
Մութաֆյանն ու Օհանջանյանը մեղադրվում էին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։
Ըստ «Դատալեքս» համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն հիմնավորմամբ, որ նրանք, նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, նպատակ են ունեցել ազդել դատավորի դիրքորոշման վրա։
Ըստ մեղադրանքի՝ 2019թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, նրանք գնացել են Երևանի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել բակում՝ դասընթացների ավարտից հետո Դանիբեկյանին հանդիպելու, հանդիպումը տեսաձայնագրելու և այն «փորձենք օգնել ֆեմիդային» վերնագրով ուղիղ հեռարձակմամբ համացանցում տարածելու նպատակով։ Սակայն Դանիբեկյանը, խուսափելով նրանցից, հեռացել է ակադեմիայի հետևի մուտքով։
Մեղադրանքի համաձայն՝ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, շարունակելով իրենց մտադրությունը, նրանք Երևանի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել են տուն վերադարձող Դանիբեկյանին և, նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորելով, հարցրել են՝ արդյոք նա պատկանում է «վնգստացող» դատավորների շարքին՝ կապված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ։ Ըստ նույն փաստաթղթի՝ Նարեկ Մութաֆյանն առաջարկել է ցույց տալ գլխի հատվածը՝ պարզելու համար, թե արդյոք այնտեղ առկա են փայտի հարվածների հետքեր, և փորձել է տեսանկարահանել այդ հատվածը՝ այդ ամենը տեսաձայնագրելով ու ուղիղ կապով համացանցում տարածելու միջոցով ճնշում գործադրելով և միջամտելով Քոչարյանի վերաբերյալ գործով Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների կայացմանը։
Նշվել է նաև, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դատական համակարգին, հայտարարել էր, թե այն «անտեր» է, և կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ ու նոր տերեր են փնտրում։
Բարձրագույն դատական խորհրդում կազմակերպված ասուլիսի ընթացքում, պատասխանելով հարցին, թե ինչու ԲԴԽ-ն չի արձագանքել այդ հայտարարությանը, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասել է. «Ես գտնում եմ, որ միգուցե բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր: Պարզ ասեմ՝ դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին հրապարակային կարծիք հայտնել, բայց երբ իրար հետ են զրուցում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»:
Վերոնշյալ հանգամանքներն են վկայակոչվել Մութաֆյանի և Օհանջանյանի կողմից՝ դատավորին «վնգստացող» դատավորների ցանկում լինել-չլինելու վերաբերյալ հարց ուղղելու հիմնավորման համար։ Գործով արդարացման դատական ակտը կայացրել է դատավոր Մարտին Արզումանյանը։
Աննա Դանիբեկյանը ներկայումս չի զբաղեցնում դատավորի պաշտոնը։ ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները՝ Քոչարյանի գործի շրջանակում հարուցված կարգապահական վարույթի քննությունից հետո, և Դանիբեկյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։





