AM
3 Մարտ 2026 - 06:17 AMT

ԱԳՆ-ն ավիափոխադրողների հետ քննարկում է քաղաքացիների վերադարձը ՀՀ

ՀՀ ԱԳՆ-ն քննարկումներ է իրականացնում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways, Jazeera Airways) հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել Մերձավոր Արևելքի երկրներով չվերթերի, այդ թվում՝ տարանցիկ, չեղարկման հետևանքով այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։

Նշվում է, որ համապատասխան քննարկումներ են ընթանում նաև վերաբերելի երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտ գործընթացները դյուրացնելու նպատակով: Իրականացվել է կարիքների գնահատում:

Բադալյանը հայտնել է նաև, որ Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Իրանում և Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները շարունակում են գործել շուրջօրյա արտակարգ ռեժիմով։ Նման կարգավիճակ է սահմանվել նաև այն պետություններում, որտեղից ՀՀ քաղաքացիները նախատեսում են վերադառնալ տարանցիկ չվերթներով։

Նա ընդգծել է նաև, որ այս պահին զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացվել։

ԱԳՆ խոսնակը կրկին հրապարակել է կապի այն հեռախոսահամարները, որոնց միջոցով կարելի է տեղեկություններ ստանալ։

Իրան. +98 902 0059927

Իսրայել. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144

Արաբական Միացյալ Էմիրություններ. +971 506144624, +971509367385, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն. +971 58 567 0993

Քուվեյթ․ +965 25322175, +965 90065454, +965 25322174

Օման. +968 93812337

Կատար․ +974 44919232, +974 33303979

Լիբանան. +961 3 157 305, +961 3 536 041

ԱԳՆ. +37455620111 (նաև WhatsApp)

Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով տարածաշրջանում առաջացած լարվածությունը, որոշում է կայացրել Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախումբը հայրենիք վերադարձնել նախատեսվածից շուտ։ Այդ ասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նվագախումբը հանդես էր գալիս Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Մեր նվագախումբը շատ տպավորիչ ելույթներ է ունեցել միջազգային աստղերի հետ համատեղ: Բայց, հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը, մենք որոշում ենք կայացրել մեր երեխաներին, մեր նվագախումբը վերադարձնել Երևան ժամկետից էականորեն ավելի շուտ: Եվ ինտենսիվ կապի մեջ ենք Լիբանանում մեր դեսպանի և լիաբանանյան ազգային ավիափոխադրողի հետ, որ ավիափոխադրումը կազմակերպենք ժամկետից էականորեն շուտ»,-ասել է Ավինյանը:

Նա հավաստիացրել է, որ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը ծնողների հետինտենսիվ կապի մեջ է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։

Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին: