ՀԷՑ-ը կճանաչվի հանրային գերակա շահ, 100%-ով կպետականացվի, փոխհատուցում կվճարվի, հայտարարել է Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա մանրամասներ է ներկայացրել ընկերության պետականացման գործընթացից, ենթադրյալ չարաշահումներից և ոլորտի խնդիրներից, հայտնում է Factor.am-ը:
«Բանակցությունները որպես այդպիսին, կարծես թե ոչ կայացան, ոչ էլ առհասարակ տեղի ունեցան, բայց օրենքով սահմանված ընթացակարգերին համաձայն, լիցենզիայից զրկելուց, լիցենզիան կասեցնելուց երեք ամիս օրացուցային ժամկետ էր սահմանված,»,- ասել է նա՝ անդրադառնալով «Տաշիր Կապիտալ»-ի հետ քննարկումների մասին հարցին։
Նրա փոխանցմամբ՝ փետրվարի 21-ը եղել է այն վերջնաժամկետը, երբ կառավարությունը պետք է առաջարկ ներկայացներ, բանակցեր և գործարքի արդյունքում ապահովեր ընկերության բաժնետոմսերի ամբողջական փոխանցումը պետությանը։
«Ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով, ժամկետների պահպանմամբ, կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը, մասնավորապես, ի դեմս կառավարության, պաշտոնական այդ առաջարկն արել է սեփականատերերին, բայց գործարք տեղի չի ունեցել։ Ինչը նշանակում է, որ փետրվարի 21-ից հետո արդեն Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը, որպես հանրային գերակա շահ, պետք է ճանաչի տվյալ մեր ընկերության 100% բաժնետոմսերը և, փոխհատուցման վճարումից հետո, պետականացվի 100%-ով։ Գործընթացը թևակոխել է այդ փուլ»,-ասել է նա:
Խոսելով ՀԷՑ-ի արժեքի և կառավարության կողմից առաջարկված հնարավոր գնի մասին՝ Պետրոսյանը հրաժարվել է կոնկրետ թիվ հրապարակելուց:
«Այդ թիվը, քանի որ դա որոշակի լեգալ գործընթացների, նաև գնագոյացման կառուցվածքի, իրավակարգավորումների, այդ թվում նաև սահմանադրական նորմերի, օրենսդրական նորմերի խիստ պահպանմամբ իրավական գործընթաց է, այս պահին կոնֆիդենցիալ է համարվում»,-ասել է ժամանակավոր կառավարիչը:
Նա անդրադարձել է նաև ենթադրյալ չարաշահումներին:
«Այս պահին շուրջ երկուսուկես տասնյակ քրեական վարույթներ են նախաձեռնվել ամենատարբեր հանցակազմի հատկանիշներ պարունակող հանգամանքների բերումով, որոնց մեծ մասով ես եմ հաղորդումներ ներկայացրել Գլխավոր դատախազություն»,-նշել է նա:
Պետրոսյանի խոսքով՝ ընթացող գործընթացներում «կան և՛ քրեաիրավական գնահատականի ենթակա ֆինանսատնտեսական մեքենայությունների փաստեր, և՛ կան խոշոր գումարների, առանձնապես խոշոր գումարների որոշակի միգրացիայի, այսպես ասած, առերևույթ փաստաթղթավորված փաստեր»։
Նա հավելել է, որ նախաքննությամբ բացահայտված հանգամանքները «մեծապես կազդեն նաև ընկերության իրական արժեքի վրա, քանի որ իրական արժեքը ձևավորվում է սեփական կապիտալից, կապիտալիզացված այն բոլոր ակտիվներից»։
Պետրոսյանը հերքել է այն պնդումները, թե ՀԷՑ-ի շուրջ զարգացումները քաղաքական հետապնդում են գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Նրա ներկայացմամբ՝ ոլորտում առկա համակարգային խնդիրները քննարկվել են դեռևս 2024 թվականի աշնանը։
«Այդ շրջանում իրենց պաշտոնին հրաժեշտ տվեցին այդ շրջանում դեռևս ամիսներ առաջ երկրորդ շրջան վերընտրված ՀԾԿՀ նախագահը, ինչը արդեն խոսուն փաստ է, որ կոնկրետ տվյալ մարմինը այդ շրջանում պատշաճ չի իրականացրել հանրային ծառայությունների կարգավորման Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները», – ասել է նա՝ հավելելով, որ նույն ժամանակահատվածում պաշտոնից ազատվել է նաև ՏԿԵ նախարարի՝ էներգետիկայի ոլորտը համակարգող տեղակալը։
Նրա խոսքով՝ մինչև վարչական վարույթ նախաձեռնելը, կառավարությունը «համբերատարորեն, ՏԿԵ նախարարի միջոցով, բանակցել է, աշխատանքային քննարկումներ, խորհրդատվություններ է իրականացրել ՀԷՑ-ի բարձր ղեկավարության և սեփականատերերի հետ՝ շտկելու իրավիճակը»։
Անդրադառնալով սպառողներին հուզող սակագնային հարցերին՝ Պետրոսյանը տեղեկացրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվել է սակագնի նվազեցման առաջարկ։ Սակայն նա պարզաբանել է, որ ներկայումս դրա իրականացումը հնարավոր չէ ատոմակայանի առաջիկա պլանային կանգի պատճառով, որի ընթացքում Հայաստանը ստիպված է լինելու ավելի բարձր գնով էլեկտրաէներգիա ձեռք բերել։
«Եթե ատոմակայանի պլանային կանգի և վերազինման տասնամյա շրջափուլի այս տարվա զուգադիպությունը չլիներ, ապա ես վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիների համար նաև սակագինը կնվազեր»,- ասել է նա։
Փոխարենը նախատեսվում է նվազեցնել այլ վճարներ։
«Մենք նույն գործող սակագնի մեջ ահռելի մաս իրենից ենթադրող նոր բաժանորդ դառնալու, էներգահամակարգը, բաշխման ցանցին միանալու այդ վճարների 30-ից 40% նվազեցում ենք պլանավորում։ Իսկ մատակարարվող էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման գործակից գոյություն ունի, և այդ գործակիցների վճարումները նվազեցնելու ենք 50%-ով»,-ասել է Պետրոսյանը:
2025-ի հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:





