Մի քանի տարի առաջ ՀՀ-ն ուներ անվտանգության երաշխավոր՝ գրած թղթի վրա, հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն, ասել է ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձել է միջազգային երաշխավորների թեմային՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:
«Մենք հրաժարվեցինք էդ անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն։ Որովհետև էդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ամբողջ շրջանում մենք չենք եղել պետություն։ Մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք»։
Նա հավելել է, որ Հայաստանն այսօր ունի խաղաղություն, և, եթե ինքն իր խաղաղության երաշխավորը չլինի, ոչ ոք չի լինի:
«Այսօր ունենք խաղաղություն: Եվ մենք հասկացել ենք մի բան, որ, եթե մենք մեր խաղաղության երաշխավորը չլինենք, ոչ մեկ երաշխավորը չի լինի, որովհետև մեր խաղաղությունը միայն մեզ է պետք, ուրիշ ոչ մեկի մեր խաղաղությունն առնվազն ավելի շատ պետք չէ»,-ասել է Փաշինյանը:
2024-ի փետրվարին հայտնի է դարձավ, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 12-ին հայտարարել է, որ ՀՀ-ն չի բացառում դուրս գալու հնարավորությունը, եթե ՀԱՊԿ-ը չտա հստակ պատասխան այն հարցին, թե որտեղ է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։ Ի պատասխան՝ ՀԱՊԿ-ը նշել է, որ իր պատասխանատվության գոտին համարվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը։
Մայիսի 8-ին ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը։ Հունիսի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ կազմակերպությունից դուրս գալը կարող է դառնալ հաջորդ տրամաբանական քայլը։
Սեպտեմբերի 18-ին վարչապետը հավելել է՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում մոտեցել ենք անդառնալի փուլին՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ոչ թե սպառնալիք է, այլ ստեղծված է իր անդամների ինքնիշխանությունն ապահովելու համար։





