AM
5 Մարտ 2026 - 08:07 AMT

Գալյան․ Մինչև 300,000 դրամի ակտերը վերաքննիչ վարչական դատարանում չեն բողոքարկվի

Մինչև 300 հազար դրամը չգերազանցող ակտերը, եթե դրանք վճռվել են հօգուտ քաղաքացու, այլևս չեն կարող բողոքարկվել վարչական վերաքննիչ դատարանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթն ընդունվել է:

«Կրճատում ենք դատարանում գործերի քննության ժամկետները: Սա նշանակում է, որ բոլոր նմանատիպ բողոքների քննությունն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետք է ավարտվի, իսկ այն բողոքները, որոնք ներկայացվել են օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ, պետք է չընդունվեն վարույթ»,-ասել է նա՝ հավելելով, որ արդյունքում վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը 30%-ով կկրճատվի:

Նույն նախագծով սահմանվել է նաև, որ վարչական վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր գործի քննությունը պետք է ավարտի 6 ամսվա ընթացքում։ Դատարանին հնարավորություն է տրվում գործի քննության ժամկետը երկարաձգել միայն մեկ անգամ՝ առավելագույնը ևս 6 ամսով։