Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվել է։ Ընդդիմադիր պատգամավորը խոսել է իշխանության կառավարման շրջանում արձանագրված կոռուպցիոն դրսևորումների մասին։
Նա, դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, հարց է ուղղել. «Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա, ԱՆԻՖ-ի 25 միլիարդից ի՞նչ կա», հայտնում է Aysor.am-ը:
Վարդանյանը նշել է, որ իր ելույթը ընդհատվել է և խնդրել է վերականգնել տրամադրված ժամանակը։ Սակայն նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը դա չի թույլ տվել։
«Ես եմ որոշում, իմ հետ տենց խոսալ չի կարելի, տիկի՛ն Վարդանյան, ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը: Բանախոսը պիտի շուռ գա ԱԺ նախագահին ասի: Ես եմ այստեղ որոշողը»,- զայրացած ասել է Ալեն Սիմոնյանը։
Միաժամանակ խորհրդարանի դահլիճից շարունակվել են մեկնաբանությունները և քննարկումները։ Տեղից միջամտել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Ի պատասխան նրա դիտարկումների՝ Ալեն Սիմոնյանը ասել է. «Դու խելոք մնա»։ Այնուհետև շարունակել է. «Կլռեք, երբ ասում եմ՝ լռեք, սա ԱԺ նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի»։
Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «Կարգի հրավիրեք ձեր խմբակցությանը, թե չէ ես կհրավիրեմ»:
Մարտի 4-ին խորհրդարանում ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդումը։





