AM
5 Մարտ 2026 - 14:51 AMT

Սարգսյան․ Փողոցային պայքար չսկսած խոսել դրա անարդյուանվետության մասին, տարօրինակ է և անընդունելի

Փողոցային պայքար չսկսած խոսել դրա անարդյուանվետության մասին, տարօրինակ է և անընդունելի, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում:

«Եթե մեզ պատճառներ են պետք, որպեսզի չգործենք՝ կարող ենք ձեր ասածների վրա 10 պատճառ էլ բերել, իսկ եթե մենք ցանկություն ունենք գործելու՝ պետք է գործենք։ Ով կարող է այսօր ասել, հաջողելու է, թե չի հաջողելու»,- ասել է նա՝ պատասխանելով իմպիչմենտի գործընթացը և փողոցային պայքարը շարունակելու Դավիթ Համբարձումյանի կոչին վերաբերող հարցին, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողները նաև հիշեցրել են նրա նախկին հայտարարությունը՝ «ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, ուժերի», և հետաքրքրվել՝ արդյոք հնարավոր է Նիկոլ Փաշինյանն էլ է պարտվել ավելի ուժեղ ուժերին, այլ ոչ թե դավադիր պատերազմ վարել։

«Բայց ինքը երբ է ասում, որ պարտվել է։ Նա ասում է՝ մենք հաղթել ենք…Իսկ ես կարծում եմ, որ ոչ թե պարտվել, այլ՝ կապիտուլացվել է։ Արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել։ Ես չեմ ասում, որ նա դերակատարություն չի ունեցել, բայց իր ուժը և ջանքերը բավարար չէին որպեսզի իշխանափոխություն լիներ Հայաստանում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին նաև խորհուրդ է տվել համեմատել Հայաստանի նախկին ղեկավարների պահվածքը և անվտանգության մարտահրավերներին նրանց արձագանքը ներկայիս իշխանության գործողությունների հետ։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է քաղաքական երկխոսություն և կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին` նշելով, որ խորապես մտահոգված է վերջին շրջանում երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսևորումներով։

ՀՀԿ-ն կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ «վեր կանգնել կուսակցական և խմբային նեղ շահերից և միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ: