Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է շրջանառվող լուրերը ՀՀ հարավում կրակոցների և պայթյունների ձայների մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»,- գրել է նա:
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասել է, որ Կապանում կրակոցների ձայները լսվել են Իրանի տարածքից, հայտնում է Sputnik Արմենիան։
«Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, այսօր այդ ձայները լսվել են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից։ Այսօր այդ ձայները լսելի էին։ Ավելի շատ հրետանու, ռումբերի պայթյունների ձայներ են»,- ասել է Փարսյանը։
Հարցին՝ արդյոք այդ ձայները լսվել են Կովսականի ուղղությունից, Կապանի քաղաքապետը նշել է, որ այդ մասին տեղեկություն չունի՝ միայն հստակեցնելով, որ դրանք եղել են Իրանի կողմից։ Փարսյանի տեղեկություններով՝ Մեղրիի տարածաշրջանում բնակիչները նմանատիպ ձայներ ավելի վաղ են լսել։
Կապանի քաղաքապետը նաև վստահեցրել է, որ ներկայում կրակոցների և ռմբակոծությունների ձայներ չեն լսվում, իսկ ավելի վաղ դրանք լսվել են ցերեկային ժամերին և երեկոյան կողմ։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե Կապանում լսվում են կրակոցների և հրետանու ձայներ։





