Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։
Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ:
Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:
Նույն օրը Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում ձևավորված իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր։
Արարատ Միրզոյանը և ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել վերջին զարգացումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և իրավիճակի հանգուցալուծման հույս հայտնել։
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերի հասցեագրման հարցում ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան ԱՄԷ ԱԳ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերը և փոխգործակցության պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Հայաստանի ու Լատվիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և կարևորել համագործակցության ակտիվացումը։
Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն անդրադարձ են կատարվել Մերձավոր Արևելքում ձևավորված իրավիճակին։
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։
Կարևորվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության շարունակումը, ինչպես նաև Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ ակտիվ մասնակցության պատրաստակամությունը։
Արարատ Միրզոյանն ու Բայբա Բրաժեն ընդգծել են նաև երկկողմ օրակարգն ավելի հարստացնելու նպատակով նոր նախաձեռնությունների առաջմղման կարևորությունը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:





